Օրեր առաջ համացանցում տարածված ծխող երկու տարեկան երեխայի մասին տեսանյութը երեխայի իրավունքների լրջագույն խախտում է: Երեխային ստիպել ծխել, նկարահանել դա եւ տեղադրել հոլովակը համացանցում՝ դա իսկական բարբարոսություն է, եւ կարելի է նույնիսկ նման ծնողներին՝ ծնողական իրավունքից զրկելու հարց բարձրացնել: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է արտահայտել:

«Սա կարելի է որպես երեխայի իրավունքների լրջագույն խախտում գնահատել եւ նման ծնողներին՝ ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ հարց կարելի է բարձրացնել», - նշել է առողջապահության նախարարը՝ հավելելով, որ հանրությունը պետք է կտրուկ արձագանքեր այս բարբարոսությանը:

Հիշեցնենք, որ տեսահոլովակը Youtube-ում էր տեղադրվել օրեր առաջ, սակայն որոշ ժամանակ անց այն հեռացվել էր համացանցից: Տեսանյութը, որտեղ «Երկու տարեկան երեխան «մեծի նման» ծխում է», խիստ բացասական արձագանքների էր արժանացել ինչպես հանրության, այնպես էլ առողջապահության համակարգի ներկայացուցիչների կողմից:

«Առողջապահության նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլեւ նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձեւավորմանը», – գրել էր ԱՆ իր հաղորդագրության մեջ։