Բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը խիստ դատապարտելի երեւույթ են՝ անկախ այն բանից, մեղավոր է բժիշկն ինչ-որ բանում, թե ոչ: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է արտահայտել:

«Մենք քաղաքակիրթ երկրում ենք ապրում, եւ մեղքի բաժինը կարող է որոշել միայն եւ միայն դատարանը: Ինքնադատաստան իրականացնելը խիստ դատապարտելի եւ զազրելի երեւույթ է, այն էլ՝ երբ մեզ առողջացնողների նկատմամբ է կատարվում», - ասել է նա:

Երբեմն բուժաշխատողների վրա հարձակումները պատճառաբանվում են շտապօգնության բրիգադի ուշացմամբ: Արմեն Մուրադյանի խոսքով՝ ըստ գործող չափորոշիչների՝ շտապօգնության մեքենաները պետք է կանչի վայր հասնեն 15 րոպեում՝ Երեւանում, եւ 20 րոպեում՝ մարզերում: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հստակ պարզել, թե երբ է շտապօգնության մեքենան տեղ հասել եւ արդյոք այն ուշացել է:

Անդրադառնալով Գյումրի քաղաքում տեղի ունեցած երկու դեպքերին, նախարարը նշել է, որ դրանք կապված չեն եղել ուշացման հետ, դրանք իրականում բժիշկների հանդեպ «անմարդկային, անբարոյական մոտեցում» էին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գյումրիում նույն օրը սպանված 26-ամյա երիտասարդի  հարազատները եւ բարեկամները ծեծել էին դեպքի վայր ժամանած շտապօգնության բժշկին, բուժքրոջը եւ վարորդին, վնասել մեքենան: Սրտի հատվածում դանակահարված 26-ամյա երիտասարդին բժիշկներն արդեն չէին հասցրել օգնել: Մահացածի հայրը, եղբայրը եւ ընկերը բժիշկներին էին մեղադրել եւ հարձակվել նրանց վրա: Մեկ տարի առաջ քաղաքի հիվանդանոցներից մեկում ծեծել էին հերթապահ բժշկին, որը հարբած հարազատներին թույլ չէր տվել այցելել հիվանդներից մեկին` չսահմանված ժամին: