Դեղամիջոցների գների բարձրացում Հայաստանում իրոք տեղի ունեցել է, եւ նախարարությունը դրանց հետ կապված որոշակի պարզաբանումներ է պահանջել, քանի որ դրանք ոչ միշտ էին պայմանավորված տարադրամի փոխարժեքով: Այս մասին լրագրողներին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է պատմել:

«Կային դեղամիջոցներ, որոնց (գների բարձրացումը) բացարձակապես կապված չէր տարադրամի հետ, մասնավորապես՝ հայկական արտադրության դեղորայքը», - ասել է նախարարը, ավելացնելով, որ վերջին օրերին դեղամիջոցների գները կտրուկ նվազել են եւ այժմ հսկողության ներքո են գտնվում:

Դեղամիջոցների գների բարձրացումից բացի նախարարության ուշադրութան ներքո է նաեւ որոշ դեղամիջոցների շուկայում հասանելիության խնդիրը, քանի որ կային դեղամիջոցներ, որոնք որոշ ժամանակ շուկայում ընդհանրապես ներկայացված չէին: Բազմաթիվ խորհրդակցություններ եւ միջոցառումներ են իրականացվել, վարչապետի հանձնարարականով նաեւ շրջիկ խմբեր են ձեւավորվել, որոնց աշխատանքները դեղորայքային մանրածախ ցանցում դեռ շարունակվում են:

Նախարարի խոսքով՝ գների վերաբերյալ ամենօրյա հսկողություն է սահմանվում, իսկ բուժծառայությունների գները որեւէ հիմնարկում կտրուկ չեն բարձրացել:

Անդրադառնալով դեղամիջոցների դրոշմապիտակավորման խնդրին, նախարարը նշել է, որ այն հնարավորություն է տալիս ղեկավարել հնարավոր տնտեսական ռիսկերը եւ որակ ապահովել:

«Դեղերի շուկան պետք է մշտապես գտնվի հսկողության ներքո՝ հաշվի առնելով դրա սոցիալական, առողջապահական նշանակությունը: Դրոշմապիտակավորումը բարձրացնում է որակի վերահսկման ցուցանիշը», - նշել է նախարարը եւ հավելել, որ, ինչպես նախարարությունը նախկինում էր հայտարարել, դեղամիջոցների գների վրա դրոշմապիտակավորումը լուրջ ազդեցություն ունենալ չի կարող:

Ինչ վերաբերվում է դեղամիջոցների՝ «լիստերով» վաճառքին, դա, նախարարի խոսքով, օրենքի խախտում է, բայց դրան որոշակի վերապահումով են վերաբերվում՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը: Դեղերի մասին նոր օրենքով այս հարցի, ինչպես նաեւ դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների վերաբերյալ ավելի խիստ մոտեցում է լինելու:

«Մենք գտնում ենք, որ դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը պետք է հստակեցվի», - ասել է Արմեն Մուրադյանը:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նա ասել է, որ քայլեր են ձեռնարկվելու նաեւ հակաբիոտիկները միայն դեղատոմսով վաճառելու համար, քանի որ, ինչպես հայտնի է, հակաբիոտիկների սխալ, առանց բժշկի վերահսկողության օգտագործումը շատ լուրջ հետեւանքներով է հղի: