Ամանորյա տոներից հետո քրոնիկ շատ հիվանդություններ սրվում են. հատկապես ծանր մասը բաժին է ընկնում սրտային հիվանդներին։ Սննդամթերքների, հեղուկների եւ ալկոհոլի չարաշահումն անմիջապես իրեն զգացնել է տալիս։

Ինչպե՞ս հասկանալ՝ երբ պետք է սրտաբանին դիմել։ Ո՞ր նախանշանները կարող են ցույց տալ, որ Դուք հենց սրտաբանական խնդիրներ ունեք։ Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ՀՀ առողջապահության գլխավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանի հետ։

Բժիշկը նշել է 4 նախանշան, որոնց դեպքում հարկավոր է սրտաբանին դիմել։

1. Դեպի թիակները, երկու ձեռքերը կամ միայն ձախ ձեռքը տարածվող ծանրություն, ցավ եւ այրոց կրծքավանդակում։

2. Հեւոց

3. Սրտի անհավասարաչափ աշխատանք, անկանոն պուլս

4. Այտուցներ ոտքերում

Այս նախանշանների դեպքում (հատկապես երբ 4-ն էլ միաժամանակ են հայտնվում) անհրաժեշտ է սրտաբանին դիմել։ Սրտաբանին պետք է դիմել նաեւ (համենայն դեպս) ցանկացած անհանգստության, ցավի եւ կրծքավանդակի ցանկացած գանգատների դեպքում։ Իսկ եթե Դուք արդեն ունեք սրտի ինչ-որ քրոնիկ հիվանդություն, վերը թվարկված նախանշանների դեպքում բժշկի դիմելն արդեն պարտադիր է։

Ի դեպ, ամանորյա տոներն ամենեւին էլ պատճառ չեն բժշկի այցելությունը հետաձգելու համար։ Նույնիսկ ընդհակառակը։

«Տոներին հիվանդանոցներն աշխատում են «տոնական» ռեժիմով, սակայն դա չի նշանակում, որ հիվանդներին ընդունելու հարցում ինչ-որ սահմանափակումներ կլինեն։ Նույնիսկ ընդհակառակը. բժիշկների մեծամասնությունը ավելի շատ կաշխատի, քան սովորաբար, հատկապես մեր՝ սրտաբանության արտակարգ բաժնում»,-նշեց Հայաստանի գլխավոր սրտաբանը։