Էբոլա տենդի զոհերի թիվը 7693 մարդ է կազմել, 19 695-ն էլ վարակվել է: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները: Հիվանդության դեպքերի ԱՀԿ-ի գրանցված վիճակագրությունը վերաբերում է երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա Լեոնեին:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում մինչեւ 2015 թ. հունվարը Էբոլա տենդով կարող է հիվանդանալ  550 հազարից մինչեւ 1,4 միլիոն մարդ, եթե չձեռնարկվեն համաճարակի տարածումը սանձող միջոցներ:

Ծայրահեղ ծանր վիճակ է տիրում Լիբերիայում, որտեղ 3384 մարդ է մահացել: Սակայն Սիերա Լեոնեում էլ վարակվածների թիվն է շատ՝ 9203 մարդ: Գվինեայում թե´ հիվանդների, թե´ մահացածների թիվը զգալիորեն քիչ է, քան վերը նշված երկու պետություններում՝ համապատասխանաբար 2630 եւ 1654 մարդ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

ԱՀԿ-ի տվյալներով դեկտեմբերի 24-ից Արեւմտյան Աֆրիկայի այս երեք երկրներում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվն ավելացել է 120 մարդով: