Մեծ Բրիտանիայից Թոմ Ատուոթերը պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ, սակայն նվիրատվությունները նա ոչ թե իր, այլ իր խորթ դստեր՝ 5-ամյա Քելլիի բուժման համար է հավաքում, ով երեխաների մոտ տարածված նեւրոբլաստոմա տեսակի քաղցկեղ ունի:

Թոմին արդեն հաջողվել է մեկ միլիոն դոլար հավաքել: Նրա խոսքով, ինքն իրեն հիմա աշխարհի ամենաբախտավոր մարդն է զգում եւ շատ երախտապարտ է գումար նվիրաբերած եւ փոքրիկ աղջկան ողջ մնալու եւ մի օր չափահաս դառնալու հնարավորություն ընձեռնած մարդկանց:

«Իմ ժամանակն անցնում է, եւ իմ առողջությունն էլ՝ վատթարանում, - ասել է Թոմը Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ, - սակայն հիմա ես կարող եմ հանգիստ լինել՝ իմանալով, որ ամեն հնարավոր բան արել եմ, որ Քելլիին երկար ու երջանիկ կյանք պարգեւեմ»:

Թոմը եւ Ջոլին՝ Քելլիի մայրիկը, ամուսնացել են մոտ 8 ամիս առաջ, եւ հիմա երեխայի են սպասում, որը պետք է ծնվի մայիսին:

«Թոմի համար երեխա ունենալը կարեւորագույն բաներից մեկն է: Թոմը գիտի, որ ինքը երեխայի կողքին չի լինելու եւ չի կարողանալու տեսնել, թե ինչպես է նա մեծանում, եւ դա շատ տխուր է: Նրա համար շատ կարեւոր է նաեւ Քելլիի բուժման համար գումար հավաքել: Թոմն իմ ամբողջ կյանքի սերն է եւ իմ հերոսը», - ասել է Ջոլին: