Իռլանդիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել մեռած ուղեղով հղի կնոջն անջատել կենսաապահովման սարքերից՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ 18 շաբաթական պտուղը չի կարող ողջ մնալ եւ ապրել մինչեւ իր ծնունդը:

Դեկտեմբերի 3-ից հղի կինը, ում անունը չի հրապարակվում, կլինիկական մահ է տանում:

Նոյեմբերի 29-ին հիվանդանոցի լոգախցիկում ճակատագրական սայթաքումից հետո նրան  տեղափոխում են հատուկ կլինիկա, որտեղ շուտով պարզ է դարջել, որ կնոջ ուղեղը մահացել է: Այդ ժամանակ կնոջը հետ են բերել առաջին կլինիկա եւ կենսաապահովման սարքեր միացրել, քանի որ պտուղը ողջ էր, եւ բժիշկները լսում էին նրա սրտի զարկերը:

Կնոջ հայրը եւ ամուսինը պահանջել են անջատել սարքերը, որպեսզի «պահպանեն նրա արժանապատվությունը մահվանից հետո», սակայն բժիշկները հրաժարվել են, չնայած համոզված էլ չեն եղել, որ պտուղը կապրի: Կնոջ հարազատներն ստիպված դատարան են դիմել, որը գործին մանրամասնորեն ծանոթանալուց հետո որոշում է կայացրել, որ կնոջը կարելի է անջատել կենսաապահովման սարքերից, քանի որ հավանականությունը, որ պտուղը կաճի, շատ փոքր է, իսկ կնոջ ուղեղն արդեն սկսել է հոտել:

Դատարանը նաեւ որոշել է, որ կնոջ ընտանիքը պարտավոր չէ վճարել այդ գործի քննության համար, քանի որ այն հանրային մեծ նշանակություն ունի:

Իռլանդիայում աբորտն արգելող շատ խիստ օրենքներ են գործում: Ըստ Իռլանդիայի օրենքների՝ չծնված պտուղը նույն սահմանադրական իրավունքներն ունի, ինչպես նրա մայրը: Հենց դա էլ այն պատճառներից մեկն է, որով բժիշկները կնոջը չէին անջատում կենսաապահովման սարքերից. նրանք դա անելու համար ոչ մի իրավասություն չունեին: Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, դատարանի որոշման հայտարարությունից հետո կնոջն անջատել են կենսաապահովման սարքերից: