Մանկական խաղալիքների ամերիկյան գովազդային հոլովակում Դաունի համախտանիշով երեխա է նկարհանվել: Գովազդային պատկերում Միննեսոտայից երկու տարեկան Իզզին խաղում է խաղալիքով՝ կրելով վարդագույն զգեստ եւ ընձառյուծի նախշերով տրիկո:

Իզզիի մայրիկը՝ Հիզեր  Բրեդլին, ղեկավարում է Դաունի համախտանիշով երեխա ունեցող ընտանիքներին աջակցող եւ օգնող տեղական մի կազմակերպություն: Վերջինս լրագրողներին պատմել է, որ շատ երախտապարտ է իր դստերը գովազդում նկարհանող ընկերությանը, քանի որ դա հնարավորություն կտա ցույց տալ մարդկանց, որ այդպիսի երեխա ունեցող ընտանիքները բոլորի նման են: Բացի դրանից, նման գովազդը կնոջ կարծիքով հույս կներշնչի մարդկանց, ում ընտանիքներում ծնվել եւ պետք է ծնվեն Դաունի համախտանիշով երեխաներ. նրանք կտեսնեն, որ այդպիսի երեխաները նույնպես ապագա ունեն:

Հիզերի խոսքով փոքրիկ Իզզին սիրում է իր ժամանակն անց կացնել տանը՝ խաղալով եւ տեսախցիկով նկարելով: Իսկ նկարհանումներից նա լավ է գլուխ հանել. հանգիստ նստել է մինչեւ իրեն դիմահարդարում եւ սանրվածք էին անում:

Հիզերը շատ է զարմացել նրանից, թե ինչքան ուշադրություն է գրավել գովազդային պատկերը: Նրա խոսքով Ֆեյսբուքում արված հրապարակումներից մեկը մոտ 500 000 հավանում է հավաքել: