Դեռեւս 1970 թ. գիտնականները պարզել են, որ ալկոհոլային կոկտեյլները, եթե դրանք սպասվածից շատ են խմում, հանգեցնում են սրտի ռիթմի խանգարումներին: Այդ երեւույթը նույնիսկ իր անվանումն է ստացել՝ «Տոնական սրտի համախտանիշ»:
Եվս մեկ հետաքրքիր փաստ. սրտի կաթվածների մեծամասնությունը տեղի է ունենում դեկտեմբերին՝ կապված հենց ամանորյա տոների հետ, որոնց ժամանակ մարդիկ սովորականից շատ են խմում:
Ինչպես բացատրում է պրոֆեսոր Մաննի Ալվարեզը, ալկոհոլի չարաշահումը ջրազրկում է օրգանիզմը եւ զրկում այն անհրաժեշտ էլեկտրոլիտներից: Այս ֆոնի վրա մարդու մոտ սկսվում է շողացող առիթմիա, որի ժամանակ սրտի վերին փորոքը կծկվելու փոխարեն տատանվում է, եւ արյունը լցվում է սրտի խոռոչը:
Եվ հետո մարդիկ նստում են սեղանի շուրջ, սովորաբար շատ են ուտում, իսկ ճնշումն էլ «վեր է ցատկում»: Սիրտը երբեմն չի կարողանում գլուխ հանել այս ամենից, եւ լուրջ խնդիրներ են առաջանում: Ավելին, առավել հաճախ այդպիսի խնդիրներ ունենում են այն մարդիկ, ովքեր չեն խմում կամ շատ քիչ են խմում, իսկ տոների ժամանակ սկսում են խմել:
Ինչպե՞ս կարելի է ապահովել սիրտն ամանորյա տոներին:
Բժիշկ Մաննի Ալվարեզը խորհուրդ է տալիս առաջին հերթին մոռանալ շատ ուտելու եւ խմիչքը չարաշահելու մասին: Բացի դրանից, անհրաժեշտ է նախքան տոնական սեղանի շուրջ նստելը հոգալ, որ օրգանիզմը չջրազրկվի: Մաքուր ջուր խմեք (եթե չկան հակացուցումներ) եւ համոզվեք, որ Ձեր սննդակարգում բավականաչափ քանակությամբ նատրիում եւ կալիում կա:
Բացի դրանից, բժիշկը խորհուրդ է տալիս զգույշ լինել ացետամինոֆեն պարունակող եւ առանց բժշկի դեղատոմսի վաճառվող Tylenol տեսակի դեղամիջոցների հետ: Դրանք առանց պատճառների չի կարելի օգտագործել, քանի որ դրանք կարող են կուտակվել արյան մեջ եւ լյարդի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Իսկ դրանց համատեղությունն ալկոհոլի հետ ընդհանրապես կարող է ճակատագրական ելք ունենալ:






