ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն  այցելեց ՀՀ ՊՆ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի N զորամաս։ Նախարարը, շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, զինվորներին եւ սպայակազմին առաջին հերթին մաղթեց քաջառողջություն:

«Ձեր ընտանիքներին,  ձեր օջախներին ցանկանում եմ այն ամենը, ինչ  մաղթում եմ իմ երեխաներին, իմ ընտանիքին: Շնորհավորում եմ գալիք տոների առթիվ:  Թող  Նոր տարվա մեջ ձեր առողջությունը լինի մեր հովանու ներքո եւ ձեր պաշտպանությունը լինի մեզանից անպակաս»,- ելույթում նշեց ՀՀ առողջապահության նախարարը:

Նախարարը շնորհավորեց նաեւ հրամանատարական կազմին, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը եւ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ զինված ուժերում երկարամյա ծառայության եւ արգասաբեր աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարը պատվոգրեր հանձնեց զորամասի   բուժծառայության պետ Աղավնի Գեւորգյանին, համաճարակաբան, բուժծառայության մայոր Ալվարդ Եփրեմյանին: Նախարարության կողմից հուշանվերներ փոխանցվեցին  նաեւ զորամասի աշխատակիցներին: 

Բանակ հասարակության կապի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ ՊՆ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի  N զորամասի  հրամանատարի հրամանով պատվոգրեր տրվեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց այցելության  համար` հույս հայտնեով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն, իսկ ծանոթությունը կվերափոխվի բարեկամության:

Արմեն Մուրադյանը ծանոթացավ զինվորների առօրյային եւ զորանոցի պայմաններին, շրջեց զորամասով, այցելեց բուժկետ, զրուցեց զինվորների եւ անձնակազմի հետ: