Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում երեք ձեռք ունեցող երեխա է ծնվել: Սա հազվադեպ երեւույթ է, որը մեկ միլիոն երեխաներից մեկի մոտ է հանդիպում: Փոքրիկ տղան ծնվել է մեկ աջ եւ երկու ձախ ձեռքով: Տղան Պոլիմելիա հազվադեպ հիվանդություն ունի, որի պատճառով մարդը հավելյալ վերջույթներով է ծնվում՝ ձեռքերով կամ ոտքերով:

Այդպիսի հիվանդությունը դեռ արգանդում է զարգանում: Սկզբում երկվորյակներ են ձեւավորվում, բայց հետագայում երկվորյակներից մեկը այլեւս չի աճում, իսկ նրա զույգը նրանից մնացած ինչ որ անդամ է ստանում։

Երեխան, ով ծնվել է ադամանանդագործ Ռամեշ Մաքվանի եւ նրա կնոջ ընտանիքում, սկզբում տեղափոխվել է Բհավնագարի քաղաքացիական հիվանդանոց: Հիվանդանոցի շփոթված բժիշկները կապվել են 200 կմ հեռավորության վրա գտնվող Ահմեդաբադի քաղաքացիական հիվանդանոցի մասնագետների հետ եւ փոքրիկին այնտեղ ուղարկել: Ահմեդաբադի հիվանդանոցի մանկական գլխավոր վիրաբույժը՝ բժիշկ Ռակեշ Ջոշին, փոքրիկին վիրահատել եւ նրա ավելորդ վերջույթը հեռացրել է դեկտեմբերի 17-ին: Վիրահատության ընթացքում պարզվել է նաեւ, որ երեխայի աջ ոտնաթաթը ծուռ է, եւ նրա մոտ բացակայում է մեկ երիկամը:

Բժիշկները կուղղեն փոքրիկի ոտքի ծռությունը, իսկ երիկամի բացակայությունը նրանց խոսքով չի խանգարի նրա առողջությանը կամ նորմալ կյանք վարելու կարողությանը, հաղորդում է Daily Mail-ը։

«Մենք աղջիկ ունենք եւ ուզում էինք նաեւ մի առողջ տղա էլ ունենալ, բայց երբ մենք իմացանք այս խնդրի մասին, շատ անհանգստացանք: Ինչեւէ, բժիշկներն ասել են, որ մեր որդու հետ ամեն ինչ կարգին կլինի»,-ասել է տղայի հայրը:

Փոքրիկը ֆիզիոթերապիա կանցնի գործող ձախ ձեռքն ու ծուռ ոտքն ուղղելու համար: