Կրծքի քաղցկեղի բուժման բեկում են իրականացրել Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները։ Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են գենը, որը պատասխանատու է կաթնագեղձի ուռուցքի ամենավտանգավոր ձեւի՝ կրծքի եռակի բացասական քաղցկեղի համար։

Բացահայտումը, որն արդեն հեղափոխական են անվանում, կարող է դրվել նոր, ավելի զորեղ տեխնիկաների ստեղծման հիմքում այդ լուրջ հիվանդությունը բուժելու համար։ Կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղը  կաթնագեղձի ուռուցքներից ամենամահացու տարատեսակներից մեկն է։ Հիվանդության այս տարատեսակին առնչվող հիվանդների քառորդ մասն ապրում է 5 տարուց ավելի քիչ։

Քեմբրիջի եւ Wellcome Trust’s Sanger Institute–ի հետազոտողները պարզել են, որ BCL11A գենի ավելորդ ակտիվությունը նկատվում է կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղին առնչվող հիվանդների 80%–ի մոտ։ Տվյալ հետազոտությունը հնարավորություն է ընձեռում գենի ակտիվությունը ճնշող թերապիայի մշակման, ինչպես նաեւ առողջ կանանց մոտ հավանականության գործոնները որոշելու ունակ ախտորոշման համար։ Այս դեպքում նրանք կկարողանան պրոֆիլակտիկ մաստէկտոմիա անցնել։

Ինչպես հաղորդում է Daily Mail–ը, Մեծ Բրիտանիայում մոտ 10 հազար մարդ է տարեկան առնչվում կրծքի եռակի բացասական քաղցկեղի հետ։ Այս հիվանդությունը չի արձագանքում կաթնագեղձի ուռուցքների ավանդական դեղամիջոցներին, որոնցից է հերցեպտինը։

Եթե կաթնագեղձի ուռուցքների մյուս ձեւերի դեպքում 5–ամյա ապրելիություն նկատվում է հիվանդների 93%–ի մոտ, եռակի բացասական քաղցկեղի դեպքում այն միայն 77% է կազմում։