Տոնական օրերին (հունվարի 1-11) Երեւանում ալկոհոլային թունավորման 41 դեպք է գրանցվել։ Այս մասին լրագրողներին թունաբան Միքայել Գաբրիելյանն է պատմել։
Նրա խոսքով՝ տոնական օրերին ալկոհոլային թունավորման դեպքերը բոլոր թունավորումների մոտ 80 տոկոսն են կազմում, եւ դրանց թիվը վերջին տարիներին աճում է։ Նախորդ տարի, օրինակ, 34 հոգի էր հիվանդանոց տեղափոխվել՝ ծանր ալկոհոլային թունավորմամբ, իսկ այս տարի նման դեպքերի թիվը 7-ով աճել է։ Ավելին՝ եթե նախկինում հիվանդանոց տեղափոխված մարդկանց մեծամասնությունը 40-նն անց էր, ապա այս տարի ալկոհոլային թունավորումները «երիտասարդացել» են, եւ գրեթե անգիտակից վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել նույնիսկ 15-16 տարեկան պատանիներ, ընդ որում՝ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։
Միքայել Գաբրիելյանի խոսքով՝ ալկոհոլային թունավորման պատճառ ավելի հաճախ հանդիսանում է ոչ թե տարբեր խմիչքների խառնելը, այլ՝ չափից շատ խմելը։
Մասնագետը նաեւ նշել է, որ Հայաստանում մարդիկ վերջին տարիներին սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել եւ չարաշահել այն, ընդ որում ոչ միայն տոնական օրերին, այլեւ ամբողջ տարվա ընթացքում։ Ինչի հետ է դա կապված՝ հայտնի չէ։ Միքայել Գաբրիելյանը նշել է միայն, որ ալկոհոլը չարաշահում են տարբեր մարդիկ՝ անկախ նրանց սոցիալական վիճակից, տարիքից եւ այլ գործոններից։






