Բրիտանական Royan Gwent կլինիկայի անձնակազմն ստիպված է մանկական խաղալիքները մահճակալներից կապել, քանի որ վերջերս դրանք չափազանց հաճախ են գողանում:
49-ամյա Դին Բեդիսը վերջերս է եղել այդ կլինիկայում իր երկու տարեկան որդու՝ Սորենի հետ, ով բրոնխիտով էր հիվանդացել: Երբ երեխան ցանկացել է վերցնել խաղալիքներից մեկը, պարզվել է՝ այն ամրացված է մահճակալին հեծանվի կողպեքով: Կլինիկայի աշխատակիցները բացատրել են, որ դա հարկադիր միջոց է, քանի որ վերջերս մարդիկ հաճախ են մանկական հիվանդասենյակներից խաղալիքներ գողանում:
Դինը պատմել է The Daily Mail-ին, որ իր զայրույթն անսահման է եղել, երբ իմացել է, որ մարդիկ գողանում են հիվանդ երեխաների համար նախատեսված խաղալիքները:
Պարզվել է՝ կլինիկայից անհետացել են ոչ միայն խաղալիքներ, այլեւ արժեքավոր բժշկական գործիքներ, բժիշկների հագուստ եւ նույնիսկ մեծահասակների հիվանդասենյակներից հեռուստացույցներ:
14 կլինիկա ղեկավարող Աեյրին Բեվանի համալսարանի առողջապահության բաժանմունքի ներկայացուցիչն ասել է, որ խաղալիքներ գողանալու պատմությունները ցավոք սրտի ճիշտ են. իրենց կլինիկաներից իսկապես անհետանում են մանկական խաղալիքներ եւ այլ իրեր, այդ իսկ պատճառով կլինիկայի անձնակազմը պարզապես ստիպված է միջոցներ ձեռնարկել այդ գողությունները կանխելու համար:
Ի դեպ, անցած տարվա ապրիլին Great Ormond Street մանկական կլինիկայից գողացել են հիվանդ երեխաներին նվիրաբերած խաղալիքները: Գողացված իրերի շարքում եղել են Nintendo Wii, iPad-ներ, հեռախոսներ, կոշիկներ, սեղանի խաղեր եւ շատ այլ բաներ, որոնք ընդհանուր առմամբ հազար ֆունտ ստեռլինգ են արժեցել:






