Տոնական օրերին՝ 2015 թվականի հունվարի 1-11-ը ընկած ժամանակամիջոցում Երեւանում շտապօգնության 8275 կանչ է գրանցվել, որը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 100-ով պակաս է: Այս մասին լրագրողներին «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն է պատմել:
Նա նաեւ նշել է, որ կանչերից 750-ը հիվանդանոց են տեղափոխվել, ընդ որում, չնայած այն բանին, որ ընդհանուր կանչերի թիվը նվազել է, հիվանդանոց տեղափոխման դեպքերն ավելացել են:
Մանկական կանչերի թիվը տոնական օրերին 1446 էր կազմել, որոնցից 203-ը հիվանդանոց էին տեղափոխվել:
Այդ օրերի ընթացքում կանչերի ամենամեծ թիվը (831 կանչ) գրանցվել է հունվարի 5-ին: «Պիկ» ժամերին մեկ ժամվա ընթացքում մոտ 53-56 կանչ էր գրանցվում՝ յուրաքանչյուր րոպե գրեթե մեկ կանչ:
Հետաքրքիր է, որ տոնոկան օրերին կանչերի մեծամասնությունը վերաբերվում էր ոչ թե թունավորումներին եւ ալկոհոլային ինտոքսիկացիային, այլ սիրտ-անոթային խնդիրներին, սուր շնչառական հիվանդություններին եւ կենցաղային վնասվածքներին:
Եղել էին նաեւ կանչեր, որոնց դեպքում այնքան էլ անհրաժեշտ չէր շտապօգնություն կանչել. օրինակ, որոշ մարդիկ բրիգադ էին կանչել գլխացավի կամ ատամնացավի պատճառով:






