2014 թվականի ընթացքում Երեւանի շտապօգնությունը 226 357 կանչ է ստացել՝ 7778-ով ավելի, քան 2013 թվականին: Այս մասին լրագրողներին «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն է հայտնել:
Կանչերի թվի աճը, ըստ երեւույթին, կարող է պայմանավորված լինել մարդկանց՝ շտապօգնության նկատմամբ վստահության աճով, կարծում է Թագուհի Ստեփանյանը:
226 357 կանչերից 43 415-ը հիվանդանոց են տեղափոխվել, որը նախորդ տարվա համեմատ 3196-ով ավելի է:
Ինչ վերաբերվում է մանկական կանչերին, տարվա ընթացքում 23 379 կանչ է գրանցվել՝ 2013-ի համեմատ 1543-ով ավելի: Երեխաներից 8324-ը տեղափոխվել են հիվանդանոց (2013-ի համեմատ 1023-ով ավելի):
Ինչպես նշել է Թագուհի Ստեփանյանը, կանչերի ճնշող մեծամասնությունը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններին եւ վնասվածքներին էին վերաբերվում: Հետաքրքիր է, որ սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերի թիվը 2013-ի համեմատ 2231-ով նվազել էր:






