Բրիտանացի գիտնականները պնդում են, որ բիսեքսուալ կանայք ավելի հաճախ են հոգեբանական խանգարումներ եւ սթրես ունենում եւ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ եւ հանգստացնող միջոցներ, քան լեսբուհիները:

Հետազոտողներն ուսումնասիրել են Stonewall ոչ առեւտրային կազմակերպության հարցման մասնակից 5706 կնոջ տվյալները: Պարզվել է, որ բիսեքսուալ կանայք 64 տոկոսով ավելի հաճախ են սննդի վարքագծի խանգարումներ ունենում եւ  37 տոկոսով էլ ավելի հաճախ են իրենք իրենց դիտավորյալ վնասում: Բացի դրանից, նրանք ավելի հաճախ են դեպրեսիա ունենում եւ անհանգստանում, ավելի շատ են մարիխուանա եւ հանգստացնող միջոցներ օգտագործում:

Journal of Public Health ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ բիսեքսուալ կանանց հոգեբանական ավելի վատ վիճակը գուցե կապված է նրա հետ, որ վերջիններս մարգինալացման են ենթարկվում թե´ հանրության կողմից, որը նրանց նույնիսկ ավելի վատ է վերաբերում, քան հոմոսեքսուալներին, թե´միասեռականների եւ լեսբուհիների կողմից: Սակայն գիտնականները հիշեցնում են, որ իրենց ստացած արդյունքները ոչ մի կերպ չեն մատնանշում սեքսուալ կողմնորոշման եւ հոգեբանական առողջության միջեւ պատճառահետեւանքային կապը:

Ի դեպ, 2003 թ. Մեծ Բրիտանիայում իրականացված նմանատիպ հարցումը բիսեքսուալ եւ լեսբուհի կանանց հոգեբանական վիճակի ոչ մի էական տարբերություն չի գտել: Գիտնականների կարծիքով, նրանց հոգեբանական վիճակի փոփոխությունները կապված են լեսբուհիների եւ համասեռամոլների քաղաքացիական ամուսնությունների եւ նրանց ակտիվ պաշտպանության քաղաքականության 2004 թ. ընդունված օրենքի հետ: Հենց այդ իրավաբանական եւ սոցիալական միտումներն են միասեռականներին ավելի շատ օգուտ տվել, քան բիսեքսուալներին: