Վարդենիսի բժշկական կենտրոնի բուժաշխատողներ՝ ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանը եւ բժիշկ-անեսթեզիոլոգ Արթուր Ղազարյանը առողջապահության նախարարության կողմից պատվոգրերի են արժանացել՝ ծանր եղանակային պայմաններում հիվանդներին հասնելու եւ օգնություն ցուցաբերելու համար:

Հունվարի 10-ի գիշերը բժիշկներին կանչել էին Ախպրաձոր գյուղ՝ սուր շնչառական վարակով երեխաներին օգնություն ցուցաբերելու համար: Ճանապարհին նրանց հայտնել էին, որ նույն գյուղում օգնության կարիք ունեի նաեւ մի հղի կին, ով բավական ծանր վիճակում էր եւ վաղաժամ ծննդաբերության վտանգի առջեւ էր կանգնած:

Ճանապարհներն անանցանելի էին մեքենաների համար, եւ բժիշկները պացիենտներին հասնելու համար 4 կիլոմետր ոտքով են քայլել, չնայած այն բանին, որ գիշեր էր եւ շատ ցուրտ էր՝ 21 աստիճան:

Առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նախարարի անունից շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ նրանց պատվոգրերով է պարգեւատրել՝ «մասնագիտական պարտականությունները կատարելիս անձնական խիզախություն ցուցաբերելու եւ բժիշկի մասնագիտական պարտքը ծանր եղանակային պայմաններում պատվով կատարելու համար»:

«Այդ դժվար պայմաններում նրանք կարողացել են հասնել Ախպրաձոր գյուղ եւ բուժօգնություն ցուցաբերել հղի կնոջը, ինչպես նաեւ տեղափոխել համապատասխան մասնագիտացված կլինիկա: Մասնագիտական պարտականությունները հմտորեն եւ բարեխղճորեն կատարելու համար առողջապահության նախարարը նրանց պարգեւատրում է պատվոգրով եւ շնորհակալություն է հայտնում», - ասել է փոխնախարարը:

Միջադեպի մանրամեսներին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ նյութում: