Հունվարի 10-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտակայքում ուժեղ ձնաբուք է եղել, եւ ճանապարհրեն անանցանելի են դարձել: Հենց այդ գիշերը Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկները փորձել են Ախպրաձոր գյուղ հասնել, որտեղ բարձր ջերմությամբ հիվանդ երեխաները նրանց օգնության կարիքն ունեին: Ճանապարհին բժիշկները տեղեկացել են, որ նույն գյուղում շտապ օգնության կարիք ունի նաեւ վիժման վտանգով մի հղի կին: Երբ մեքենան մնացել է ձյան մեջ, բժիշկները որոշել են իրենց ճանապարհը ոտքով շարունակել, չնայած գյուղ հասնելուն դեռ մոտ 4 կմ մնացել էր:

Ծանր պայմաններում աշխատանքի եւ մասնագիտական պարտականությունները խիզախորեն կատարելու համար այսօր պարգեւատրված Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկները լրագրողներին պատմել են այդ գիշերվա մանրամասների մասին: 

Ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանը եւ բժիշկ-անեսթեզիոլոգ Արթուր Ղազարյանը գյուղ գնալու ճանապարհին էին, երբ տեղեկացել են, որ հիվանդ երեխաներից բացի այնտեղ ծննդաբերության ցավեր հիշեցնող անկանոն կծկումներ ունեցող կին էլ կա: Բժիշկները որոշել են, որ անեսթեզիոլոգը կգնա հիվանդ երեխաների, իսկ ընտանեկան բժիշկը՝ հղի կնոջ մոտ:

Հղի կինը՝ Պայծառ Գասպարյանը, սուր բրոնխիտ է ունեցել, որի պատճառով նա ուժեղ հազում էր եւ դժվարությամբ շնչում: Ամենայն հավանականությամբ հենց հազն է հրահրել ցավերի առաջացումը, որոնք դեռ անկանոն էին, բայց լիովին կարող էին վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: Կնոջ մոտ 36 շաբաթական հղիություն էր, եւ դեռ վաղ էր ծննդաբերելու համար:

Մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանը ծնունդ ընդունելու որոշակի փորձ է ունեցել, սակայն նման իրավիճակում կնոջ վիճակը գնահատելը վերջինիս համար բարդ է եղել:

«Առաջին հերթին ես հանգստացրեցի կնոջն ու նրա հարազատներին եւ զանգահարեցի մեր գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանին, նկարագրեցի նրան իրավիճակը: Նա ասաց, որ ես հանգստացնեմ հղի կնոջն ու նրան հիվանդանոց տեղափոխեմ: Սակայն ես նրան նկարագրեցի իրավիճակը եւ բացատրեցի, որ մենք չենք կարող այդտեղից դուրս գալ, այնուհետեւ խնդրեցի նրան ինձ խորհուրդ տալ եւ բացատրել՝ ինչ անել: Քանի որ առկա էր ուղեկցող բոլոր վտանգներով վաղաժամ ծննդաբերության հավանականությունը, մենք որոշեցինք, որ պետք է գա բժիշկը»,-պատմեց նա:

Գյուղի բնակիչներն անմիջապես հասկացել են, որ գինեկոլոգի համար դժվար կլինի ոտքով գյուղ հասնել եւ նրա հետեւից տրակտոր են ուղարկել: Մինչեւ բժիշկը ճանապարհին էր, ընտանեկան բժշկին Երեւանից զանգահարել է գինեկոլոգ Գեորգի Օկոեւը եւ սկսել խորհուրդ տալ նրան՝ ինչ անել եւ ինչպես ճիշտ գնահատել իրավիճակը: Ընտանեկան բժիշկն էլ արել է ամեն հնարավորը հղի կնոջ լցված շնչառական ուղիները բացելու համար, որպեսզի թթվածնաքաղցը չվատթարացնի նրա եւ երեխայի վիճակը:

Գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանը եւս ստիպված էր 2 կմ անցնել, մինչեւ տրակտորն իրեն կվերցներ ճանապարհից: Վերջապես հասնելով հիվանդին՝ բժիշկը նրան օգնություն է ցույց տվել եւ արել ամեն հնարավորն այդ պահին՝ պարզ գիտակցելով, որ կնոջն անհրաժեշտ կլինի որքան հնարավոր է արագ կլինիկա հասցնել: Գեորգի Օկոեւը շարունակել է Սկայպ ծրագրով խորհուրդներ տալ բժիշկներին:

Լրագրողների հետ զրույցում Գեորգի Օկոեւը նշեց, որ երբեմն հղիության 36 շաբաթում ծննդաբերությունները լիովին նորմալ են ընթանում, եւ ամեն ինչ լավ է լինում, սակայն ամեն դեպքում ցանկալի է այնպես անել, որ ցավերը դադարեն, եւ երեխան ժամանակին ծնվի:

Վաղաժամ ծննդաբերությունը կարող էր թե´ պտղի, թե´ մոր կյանքին ու առողջությանն սպառնացող բազմաթիվ խնդիրներ ստեղծել, իսկ վատ եղանակն ու ճանապարհների անանցանելիությունը միայն սրում էին ամեն ինչ, քանի որ կնոջը չէին կարող հիվանդանոց տեղափոխել եւ օգնություն ցույց տալ:

Փրկարարների թիմն օգնել է հղի կնոջը Երեւան տեղափոխել: Վերջինս հիմա գտնվում է պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում, եւ բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:

Ցավերը դադարել են, բժիշկները փորձում են բուժել կնոջ բրոնխիտը, իսկ 3-4 շաբաթ անց կծնվի երեխան, որն, ի դեպ, տղա է լինելու: