Աշխատամոլները խմում են այնքան, որքան աշխատում են: Այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները, որոնք իրականացրել են ալկոհոլի չարաշահման եւ շարունակական աշխատանքի միջեւ կապի վերաբերյալ պատմության մեջ խոշորագույն հետազոտությունը: Գիտնականներն իրենց հետազոտությունը հրապարակել են British Medical Journal ամսագրում:
Ընդհանուր առմամբ, գիտնականներն ընդհանրացրել են 14 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Գերմանիայի ավելի քան 330 հազար մարդու 61 հետազոտության տվյալները: Պարզվել է, որ աշխատանքային ժամանակի հավելյալ նորմաները հանգեցնում են դեպրեսիայի, սթրեսի եւ քնի հետ կապված խնդիրների: Ինչպես հաղորդում են գիտնականները, ալկոհոլը թույլ է տալիս «հեռու մնալ» այդպիսի հետեւանքներից:
Եվրոպական միությունում աշխատանքային ժամանակի ստանդարտ նորման շաբաթը 40 ժամ է կազմում: Եթե աշխատանքային շաբաթի տեւողությունը հասնում է 48 ժամի, ալկոհոլի չարաշահման հավանականությունը բարձրանում է 11 տոկոսով: Աշխատանքային ժամանակի տեւողությունը շաբաթը 49-54 ժամ տեւելու դեպքում 13 տոկոսով աճում է ալկոհոլից ուժեղ կախվածության զարգացման հավանականությունը:
Այսպիսի վիճակն առավել ցայտուն է տղամարդկանց շրջանում: Ինչպես նշում են հետազոտողները, իրենց հայտնաբերած հարաբերակցությունը կախված չէ մարդկանց աշխարհագրական, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական կարգավիճակից:
Ի լրումն նկարագրված երեւույթի առավել ակնհայտ պատճառի (ոգելից խմիչքների օգնությամբ ծանր աշխատանքից հետո թոթափում են սթրեսը), գիտնականները նշում են նաեւ բիզնեսմեն աշխատամոլների ռիսկային վարքագիծը խրախուսող «լավ աշխատել ենք, լավ հանգստանանք» մշակույթը:
Ինչպես հայտարարում են գիտնականները, աշխատանքային ժամերի մեծ քանակությունն ալկոհոլի չարաշահումից եւ սթրեսից բացի հաճախ հանգեցնում է նստակյաց ապրելակերպի:






