Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները (Գյումրիի ողբերգությունը, Քաջարանում՝ մարդկանց հետապատիտ Ց-ով վարակվելը եւ այլն) հասարակության համար լուրջ սթրեսային գործոն էին: Շատերը չգիտեն, ինչպես է հնարավոր այդ սթրեսների դեմ պայքարել, այդ իսկ պատճառով, նախատեսվում է Երեւանում մոտակա 2-3 ամիսների ընթացքում սթրեսների կառավարման դասընթացներ կազմակերպել: Այս մասին լրագրողներին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանն է պատմել:

Մասնագետի խոսքով՝ պայքարել սթրեսների դեմ հնարավոր չէ, բայց դրանք հնարավոր է կառավարել: Սթրեսի կառավարումը մի քանի տասնամյակի պատմություն ունի, եւ դրա տեխնիկաները հնարավոր է ուսուցանել: Մինչեւ վերջերս նման դասընթացներ Հայաստանում գոյություն չունեին, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կներդրվեն: Ճիշտ է, դասընթացները սկսելուց առաջ պետք է համապատասխան մեթոդաբանություն մշակել, բայց, Արմեն Սողոյանի խոսքով, դա բավական արագ կարվի, եւ մոտ 2-3 ամսից դասընթացները հասանելի կդառնան բոլոր ցանկացողներին եւ մանավանդ լրագրողներին, քանի որ նրանց աշխատանքը համարվում է բավական վտանգավոր եւ սթրեսածին:

Նախատեսված է, որ դասընթացները մոտ երկու շաբաթ կտեւեն, եւ այդ ընթացքում մասնագետները կսովորեցնեն մարդկանց ճիշտ ձեւով կառավարել սթրեսները, ճիշտ գնահատել իրավիճակը եւ ցանկացած խնդրի դեպքում ադեկվատ արձագանքել, որպեսզի սթրեսները չվնասեն նրանց հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը: