Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ ցնցում էին հասարակության համար եւ շատերի մոտ մեծ սթրեսների պատճառ են դարձել: Ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել նման իրավիճակները եւ արդյո՞ք հասարակության արձագանքը ադեկվատ էր: Այս հարցերի շուրջ լրագրողների հետ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն է զրուցել:

Նման սթրեսային իրավիճակների պատճառով առաջացող ցնցման արդյունքում մարդկանց մեջ կուտակված խնդիրները կարող են գլուխ բարձրացնել, եւ հասարակության մեջ կարող է մի բավական պայթյունավտանգ, անկառավարելի իրավիճակ ստեղվել, պնդում է մասնագետը:

Նման խնդիրներից եւ ավելորդ խուճապից խուսափելու համար, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է պաշտոնատար անձանց վարքագիծը. պաշտոնյաները պետք է անընդհատ թարմ տեղեկատվություն տարածեն, քանի որ ինֆորմացիայի պակասը կարող է հասարակության մեջ միայն անցանկալի խուճախ առաջացնել:

Երբ տեղեկատվության պակաս կա եւ մարդիկ վախեցած են եւ իրենց միայնակ են զգում՝ մեծ խնդրի առջեւ, հասարակության մեջ ցանկացած զարգացումներ են հնարավոր: Սակայն եթե ժողովուրդը զգում է, որ իրավիճակը վերահսկվում է, եւ մարդիկ միայնակ չեն խնդրի առաջ, սթրեսային իրավիճակն ավելի թեթեւ է անցնում:

Գյումրիում շատերը, լսելով տեղի ունեցած ողբերգության մասին, վախենում էին նույնիսկ տանից դուրս գալ: Հոգեբույժի խոսքով, դա բավական ադեկվատ ռեակցիա էր. եթե կա օբյեկտիվ վտանգ, մասնավորապես, տեղեկություններ այն մասին, որ «մի մարդ մտել եւ մի քանի մարդու սպանել է», վախենալը բնական է, քանի դեռ մարդիկ չգիտեն, որտեղ է մարդասպանը եւ արդյոք նա դեռ զինված է:

Սակայն հետագայում պետք է փորձել հասկանալ, արդյոք իրոք լուրջ վտանգ կա, եւ ճիշտ ընկալել հասանելի ինֆորմացիան: Իմանալով, որ մարդասպանը թողել է իր զենքը եւ հեռացել, մարդիկ պետք է հասկանային, որ նա այլեւս այնքան վտանգավոր չէր, եւ հանգստանային: Եթե մարդիկ շարունակում են վախենալ առանց օբյեկտիվ պատճառների, դա միայն խորացնում է նրանց մոտ սթրեսի ազդեցությունը:

Ինչ վերաբերվում է ոճրագործին, մասնագետի խոսքով, նման հանցանքներ գործած մարդիկ միշտ դատահոգեբուժական փորձաքննության պետք է ենթարկվեն, որպեսզի պարզվի, մեղսունակ են նրանք թե անմեղսունակ վիճակում էին գտնվում: