Մեծ Բրիտանիայի հետազոտողները պնդում են, որ ասպիրինի ամենօրյա ցածր չափաբաժինը քաղցկեղի կանխարգելման արդյունավետ միջոց է: Նրանց խոսքով 2050 թ. չարորակ նորագոյացությունները նոր դեղամիջոցների եւ տեխնոլոգիաների ակտիվ զարգացման շնորհիվ 80 տարեկանից շուտ էլ ոչ մեկին չեն սպանի:
Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ջեք Կուզիկն ընդհանուր պրակտիկայի բժիշկներին կոչ է անում իրենց հիվանդներին հաճախ առաջարկել 40 տարեկանից հետո օրեկան ասպիրինի մանկական չափաբաժիններ ընդունել:
Նրա խոսքով 50-65 տարեկանում քաղցկեղի հավանականությունը զգալիորեն մեծանում է, ուստի կարեւոր է դրանից շատ առաջ սկսել ասպիրին ընդունել: Պրոֆեսոր Կուզիկը մեջբերում է այն հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ նման կանխարգելումն զգալիորեն նվազեցնում է ոչ միայն քաղցկեղի, այլեւ սրտի հիվանդությունների եւ կաթվածների զարգացման հավանականությունը:
Գիտնականների խոսքով, ասպիրինն օգնում է 15 տարով 7-9%-ով նվազեցնել այդ հիվանդությունների առաջացման հավանականությունը, իսկ 20 տարով էլ՝ 4%-ով ցանկացած այդ հիվանդություններից մահացության հավանականությունը:
Վերջին 20 տարիներին Մեծ Բրիտանիայում քաղցկեղից մահացության վիճակագրության զգալի բարելավում է նկատվել: Այսօր այդ հիվանդությունից մահացող կեսից շատն արդեն հատել է 75 տարեկանի սահմանը:
Եթե քաղցկեղի կանխարգելման այս միտումը պահպանվի եւ տարածվի մյուս երկրներում եւս, 35 տարի հետո չարորակ ուռուցքներից մինչեւ 80 տարին բոլորելը էլ ոչ ոք չի մահանա:






