25-ամյա Մարինե Մկրտչյանն անցած տարվա դեկտեմբերի 11-ին իմացել է, որ հիվանդ է հեպատիտ С-ով: Ամեն ինչ սկսվել է վատ ինքնազգացողությունից, սրտխառնոցից եւ փսխումից: Սկզբում աղջիկն ուշադրություն չի դարձրել այդ նշաններին՝ մտածելով, որ դրանք հետվիրահատական հետեւանքներ են, քանի որ ոչ այնքան վաղուց՝ հոկտեմբերի 26-ին, Քաջարանի կլինիկայում վիրահատել էին նրա կույրաղիքը: Հետո աղջիկը հանկարծ հիշել է, որ իր ամուսնու քրոջ ամուսինը նույն նախանշաններն է ունեցել, եւ վերջինիս մոտ հեպատիտ С են հայտնաբերել: Նա նաեւ հիշել է, որ տալոջ ամուսինն իր ախտորոշումը ստանալուց ոչ շատ առաջ վիրահատվել է նույն կլինիկայում:

«Քաջարանը փոքր քաղաք է, եւ շատերը գիտեին, որ այդ կլինիկայում վիրահատված մի քանի հիվանդ վարակվել է հեպատիտ С-ով, եւ նրանց թվում էր տալիս ամուսինը: Ես նույնպես անհանգստացա եւ գնացի անալիզ հանձնելու»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նա:

Աղջիկը դիմել է Կապանի կլինիկա եւ իմացել, որ ինքն էլ է վարակված: Նույն օրը նա Երեւան է եկել, որտեղ ախտորոշումը հաստատվել է, եւ նրան անմիջապես բուժման են ուղարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Բուժման կուրսից հետո Մարինեն տուն է վերադարձել բուժումը տանը շարունակելու համար, սակայն նրա վիճակը նորից է վատթարացել, եւ ստիպված է եղել Կապանի բժշկական կենտրոն դիմել, իսկ հետո՝ վերադառնալ երեւանյան «Նորք» հիվանդանոց:

Հիմա նա գտնվում է «Նորք»-ում, որտեղ ամբողջ ուժով պայքարում է իր առողջության համար: Հեպատիտ С-ի վիրուսը ոչ մի կերպ չի ցանկանում նահանջել, եւ նրա ինքնազգացողությունը դեռ վատ է, բայց Մարինեն չի հանձնվում: Ինչպես նրան բացատրել են բժիշկները, հեպատիտի սուր շրջանը բուժելու հավանականություն կա, եւ կարելի է այնպես անել, որ հիվանդությունը քրոնիկական չդառնա:

Մարինեի համար բուժումը դեռ անվճար է: Նա պատմեց, որ դեռ ստիպված չի եղել ոչ մի բանի համար վճարել: Սակայն, եթե հիվանդությունը քրոնիկական ձեւի վերածվի, երիտասարդ ընտանիքն ստիպված կլինի բուժման ծախսերն իր վրա վերցնել:

Մարինեն եւ նրա ամուսին Կարենը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեցին նաեւ այն մասին, որ մի քանի օր առաջ իրենք Մարինեի եւ Քաջարանի շատ ուրիշ բնակիչներին հեպատիտ С –ով վարակելու մեղավորներին գտնելու խնդրանքով ոստիկանություն են դիմել: Բացի դրանից, եթե հիվանդությունը նրա մոտ քրոնիկական դառնա, նա կպահանջի, որ թանկարժեք բուժման համար վճարեն իր վարակման համար մեղավորները:

«Հիվանդությունը կարող է եւ քրոնիկական չդառնալ, բայց ես, անկեղծ ասած, մտածում եմ, որ դրա հավանականությունը շատ փոքր է… Ամեն դեպքում, ես պայքարում եմ իմ առողջության համար, եւ բժիշկներն էլ պայքարում են ինձ հետ»,-ասաց Մարինեն: