Սպորտով զբաղվելիս մարդիկ նպատակահարմար են գտնում նեղ հագուստ կրել՝ մտածելով, որ այն բարելավում է վարժությունների կատարողականությունն ու արագությունը: Սակայն նոր հետազոտությունները նոր հարցեր են բարձրացնում. արդյոք սպորտային նեղ հագուստն իսկապես կարող է մարդկանց օգնել ավելի լավ մարզվել:
Դալասի Texas Southwestern Medical Center համալսարանից Աբիգեյլ Սթիքֆորդի (հետազոտության հեղինակ) խոսքով՝ մարդկանց այդ մտածելակերպը գուցե պայմանավորված է պլացեբոյի էֆեկտով:
Newsmax.com-ը, հղում կատարելով The New York Times-ին, հաղորդում է, որ նեղ հագուստը ենթադրաբար ուժեղացնում է արյան շրջանառությունը, եւ, հետեւաբար, թթվածնի մատակարարումը սպորտային կատարողականության բարելավման համար: Մարդիկ կարծում են նաեւ, որ հագուստը բարելավում է շարժման արդյունավետությունը եւ կրճատում գործող մկանների քանակը՝ այսպիսով, վարժությունները պակաս հոգնեցուցիչ դարձնելով:
Սակայն նոր հետազոտությունը այլ բան է պնդում:
Փորձագետները հեռահար վազքում մրցող 16 տղամարդու սեղմող հանդերձանքներն են ստուգել: Պարզվել է՝ նեղ հագուստը վիճակագրորեն նշանակալի տարբերություններ չի տվել վազքի արդյունավետության կամ կենսամեխանիկայի հարցում, այսինքն՝ մարդիկ առանց նեղ հագուստ կրելու էլ կարող են նույն հաջողություններն ունենալ:
Նշենք, որ նեղ հագուստի արդյունավետության վերաբերյալ մյուս ուսումնասիրությունները եւս նույն արդյունքն են տվել:






