Կարելի՞ է արդյոք մարդկանց ասել, որ իրենց հիվանդությունն անբուժելի է, եւ որ հավանական է՝ շուտով նրանք կմեռնեն: Այս հարցն այսօր անհանգստացնում է ոչ միայն այդպիսի հիվանդների հարազատներին, այլեւ շատ բժիշկների:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանի կարծիքով ուռուցքաբանական հիվանդների հետ կարելի է եւ պետք է խոսել նրանց հիվանդության մասին, եթե այն գտնվում է վաղ փուլում եւ հնարավոր է՝ բուժվի: Կարեւոր է ճիշտ բացատրել հիվանդին, թե ինչն ինչոց է, որպեսզի նա կարողանա ակտիվ մասնակցություն ունենալ իր բուժման գործընթացում. դա կբարձրացնի առողջանալու նրա հնարավորությունները:
Եթե հիվանդությունը չափազանց ուշ է հայտնաբերվել, հոգեբույժի կարծիքով հիվանդին պետք չէ ասել, որ նա դժվար թե կարողանա առողջանալ: Պետք չէ իզուր տեղը տխրեցնել հիվանդին եւ զրկել նրան հույսից: Եվ պետք էլ չէ մոռանալ, որ հայտնի են դեպքեր, երբ ապաքինվել են այն հիվանդները, որոնք շատ մասնագետների կարծիքով ապրելու ոչ մի հնարավորություն չեն ունեցել:
Ինչպես նշեց Արմեն Սողոյանը, հիվանդին կամ նրա հարազատներին անբուժելի հիվանդության մասին ասելու դեպքում կարեւոր է այնպես անել, որ դա նրանց շատ չհարվածի կամ տրավմայի չենթարկի:
Անհրաժեշտ է, որ նրանք ճիշտ հասկանան իրավիճակը եւ կարողանան հնարավորության դեպքում այն սթափ եւ ադեկվատ գնահատել: Ուստի նման բաների մասին ճիշտ չէ ուղիղ ճակատին ասել. պետք է սկզբում նրանց նախապատրաստել նորությանը, իսկ հետո ճշտորեն այն ներկայացնել:






