Երջանիկ մանկությունը նվազեցնում է չափահաս տարիքում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Հելսինկիի համալսարանի գիտնականները:
Իրենց իրականացրած հետազոտությանը մասնակցել է 3-18 տարեկան 3577 երեխա:
Մասնագետները գրանցել են ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ ապրելակերպի, երեխաների զգացմունքային կայունության, նրանց վարքագծային խնդիրների եւ սթրեսի մակարդակի վերաբերյալ տվյալները: Հետազոտության սկզբից 27 տարի անց գիտնականները գնահատել են արդեն 30-45 տարեկան 3577 մասնակցից 1089-ի սրտանոթային համակարգի վիճակը:
Մասնակիցները պատմել են իրենց արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակների, ֆիզիկական ակտիվության, սնվելու, քաշի, զարկերակային ճնշման եւ ծխելու մասին: Պարզվել է՝ մանուկ հասակում կյանքի որակը չափահաս տարիքում ուժեղ ազդեցություն է ունեցել սրտանոթային համակարգի առողջական վիճակի վրա: Մասնավորապես, առանց ավելորդ սթրեսների երջանիկ մանկություն ունեցած մասնակիցները 14%-ով ավելի շատ նորմալ քաշ են ունեցել, 12%-ով հազվադեպ են ծխել, իսկ նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 11% -ով ավելի հաճախ է համապատասխանել նորմային՝ համեմատած պակաս բարեհաջող մանկություն ունեցած մարդկանց հետ:
Սոցիալ-տնտեսական բարձր կարգավիճակը եւ մանուկ հասակում ինքնավերահսկողության կարողությունն առավել սերտորեն են կապված եղել չափահաս տարիքում սրտանոթային համակարգի ամուր առողջության հետ:
Այս հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողները կարող են օգնել երեխաներին երկար պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը. դրա համար նրանք պետք է առողջ ապրելակերպ վարեն, ընտանիքում հաճելի միջավայր ստեղծեն, ֆինանսապես ապահովված լինեն, ինչպես նաեւ երեխաներին սովորեցնեն կառավարել ագրեսիվ եւ իմպուլսիվ վարքագիծը:






