Նյու Յորքի 16-ամյա բնակիչը դիմել է բժիշկների օգնությանը այն բանից հետո, երբ իր պտուկներից արտահոսք է նկատել: Բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Պարզվել է՝ պտուկներից արտահոսող հեղուկը կրծքի կաթ է: Տղայի մոտ նկատվել են նաեւ նարկոլեպսիա, գլխացավեր եւ ուշաթափություններ:
Նրան բուժող նյարդաբան Սանդրա Բլոքը բացատրել է, որ սա պայմանավորված է մարմնում սխալ հորմոնների արտադրությամբ եւ կաթնագեղձերի ձեւավորմամբ: Դա տեղի է ունենում ուղեղի մեջտեղում գտնվող բարորակ ուռուցքի՝ մակուղեղային ակտիվ ադենոմայի պատճառով:
Տղան դրա պատճառով նաեւ շարունակական ուժասպառություն է զգացել՝ քնելով ամենուր նույնիսկ շեփորի ձայնի եւ ծանր ռոքի համերգի ժամանակ: Ծնողների խոսքով նա նաեւ զգայախաբություններ ու գլխացավեր է ունեցել:
Հիվանդի անունը չի բացահայտվում, նա միայն հայտնի է Դունկան անունով:
Բժիշկները սկզբում համոզված են եղել, որ տղայի մոտ կատապլեքսիայի ուղեկցությամբ նարկոլեպսիա է: Կատապլեքսիան ուժեղ ցգացմունքներից, օրինակ՝ ծիծաղից, բարկությունից եւ զարմանքից առաջացած մկանային թուլություն է: Նրանք քիչ էր մնում ախտորոշումը հաստատեին, երբ Դունկանը կարմրելով ցույց է տվել իր արտահոսող պտուկները: Վերանայելով իրենց հետազոտությունը՝ բժիշկները գտել են հիվանդության իրական պատճառը՝ ուղեղի բարորակ ուռուցք: Տղայի խախտված հորմոններն են կաթի արտադրման պատճառ դարձել, մի երեւույթ, որը հայտնի է գալակտորեա անվամբ: Մագնիսա-ռեզոնանսային պատկերումը հաստատել է ախտորոշումը, եւ տղայի ուռուցքը հաջողությամբ հեռացրել են՝ նրան ազատելով տհաճ ախտանշաններից:






