Կանայք սիրում են առաջին ժամադրության ժամանակ լավ տեսք ունենալ, որն ապահովող միջոցներից մեկը բարձրակրունկ կոշիկներն են: Սակայն որքանո՞վ են դրանք վնասակար մեր մարմնի համար:
Պարզվել է՝ բարձրակրունկ կոշիկները ժամանակի ընթացքում կարող են արթրիտի զարգացման պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 8սմ եւ ավելի կրունկով կոշիկները քայլվածքում այնպիսի փոփոխություններ են առաջացնում, որոնք համապատասխանում են ծերության կամ արթրիտի ժամանակ առաջացած փոփոխություններին: Այս հետազոտությունը բացատրում է, թե ինչու է արթրիտի տարատեսակներից մեկը՝ օստեոարթրիտը, կրկնակի շատ տարածված հենց կանանց շրջանում:
Կալիֆորնիացի հետազոտողները բացատրում են՝ «Բոբիկ քայլելիս կանայք եւ տղամարդիկ ծնկների միեւնույն կենսամեխանիկա ունեն. կոշիկի գենդերային տարբերությունները, հատկապես բարձրակրունկ կոշիկները, կանանց մոտ օստեոարթրիտի լուրջ պատճառ են են դառնում»:
Օստեոարթրիտը հոդերի հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է հոդերի ձեւափոխություն, ցավ եւ դժվար շարժունակություն: Ներկայումս ավելի քան ութ միլիոն բրիտանացի այս հիվանդությունն ունի:
Սթենֆորդի համալսարանի գիտնականներն էլ ուսումնասիրել են տարբեր կոշիկներ կրող 14 կնոջ քայլվածքը: Պարզվել է՝ ինչքան բարձր են եղել կոշիկները, այնքան նրանց քայլվածքը, ներառյալ ծնկների շարժումը, փոփոխվել են: Իսկ գեր լինելու դեպքում վիճակն էլ ավելի է բարդացել: Սա նշանակում է, որ բարձրակրունկ կոշիկները հատկապես ավելորդ քաշի դեպքում կարող են մեծացնել կանանց մոտ օստեոարթրիտի հավանականությունը:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ երբ կինը բարձրակրունկներ է հագնում, միջինը մեկ ժամից մի քիչ ավելի է պահանջվում, որպեսզի նրա ոտքերն սկսեն ցավալ: Փորձագետներն զգուշացնում են, որ երկար ժամանակով բարձրակրունկ կոշիկ հագնելը կարող է նաեւ սթրեսային կոտրվածքներ եւ սեղմող նյարդեր առաջացնել:
Սակայն բարձրակրունկ կոշիկները մեկ առավելություն ունեն. պարզվում է՝ տղամարդիկ բարձրակրունկ կոշիկներով կանանց ավելի շատ են օգնում, քան տափակ կոշիկներ հագած կանանց:






