Մալիի առողջապահության եւ հանրային հիգիենայի նախարար Ուսման Կոնեն հայտրարարել է երկրում Էբոլա տենդի համաճարակի ավարտի մասին: Վերջին տվյալներով տենդի զոհ է դարձել 8500 մարդ, որից վեցը բաժին է ընկնում Մալիին:
Կոնեն շնորհակալություն է հայտնել օգնություն ցուցաբերած տեղական բժիշկներին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին: Մալիում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Սոկե Ֆալն իր հերթին Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար ողջունել է տեղական իշխանությունների գործողությունները, որոնք կարողացել են դրական արդյունքի հասնել:
Մալիում Էբոլայով վարակվելու վերջին դեպքը գրանցվել է անցած տարվա դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր 42 օր է անցել, եւ նոր վարակակիրներ չեն հայտնվել, չնայած բժիշկները ենթադրում էին, որ վիրուսը կարող է փոխանցվել մոտ 300 մարդու եւս: Նրանցից ոչ մեկի մոտ վարակի հետքեր չեն հայտնաբերվել: Դրանից ելնելով էլ Կոնեն հայտարարել է համաճարակի ավարտի մասին:
Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում եւս, որտեղ գրանցվել են հիվանդության առավել խոշոր բռնկումները, նկատվում է վարակվածների թվի նվազում:
Սիերա Լեոնեում եւ Գվինեայում անցած տարվա օգոստոսից գրանցվել է հիվանդության նոր դեպքերի նվազագույն ցուցիչը: Վերջին երկու օրերին Լիբերիայում Էբոլայով վարակվելու հաստատված դեպքեր չկան: Վարակման շաբաթական ցուցիչն էլ այդքան չէր նվազել անցյալ տարվա հունիսից ի վեր:






