Անգլիայի առաջատար գիտական հաստատություններից մեկի՝ Բատի համալսարանի գիտնականների խումբը կարծում է, որ շատ շուտով գիտությունը կկարողանա գենետիկորեն փոփոխված երեխաներ ստեղծել: Դա տեղի կունենա ԴՆԹ-ի մոլեկուլների փոփոխությունը թույլ տվող տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ:

Կենդանիների կլոնավորման բնագավառում առաջամարտիկ, հետազոտության մասնակից բժիշկ Թոնի Փերին հայտարարել է գենետիկայում հեղաշրջման մասին:

Scientific Reports-ում հրապարակված հոդվածում նա մանրամասնորեն նկարագրել է մկների ԴՆԹ-ի մոլեկուլի գենոմի արհեստական փոփոխության մեխանիզմները:

BBC-ի հետ ունեցած հարցազրույցում գիտնականը պարզաբանել է, որ իրենց նկարագրած մեթոդի արդյունավետությունը մոտենում է 100% սահմանին:

Նրա խոսքով, ընդսմին, գենետիկ հետազոտությունները վերջին երկու տարիներին այնքան են առաջ շարժվել, որ «երեխաներ նախագծելու» հնարավորությունն այլեւս ֆանտաստիկա չէ:

Թոնի Փերիի խոսքով մարդու գենային փոփոխության մեխանիզմները նախատեսված են վերացնելու հիվանդությունների հանդեպ նախապայմանները, եւ, թե´ հանրությունը, թե´ իշխանությունները պետք է պատրաստ լինեn այդ հարցի լուրջ քննարկմանը: