Ֆրանսիայի բնակիչը, ում մի քանի ամիս առաջ պատմության մեջ երկրորդ անգամ ավտոնոմ արհեստական սիրտ են փոխպատվաստել, դուրս է գրվել կլինիկայից եւ արդեն տուն վերադարձել՝ անցնելով իր սովորական կյանքին:
Ավելորդ քաշ ունեցող 68-ամյա հիվանդին արհեստական սիրտ են փոխպատվաստել Նանտի բժշկական կենտրոնում 2014 թ. օգոստոսին: Սիրտն 900 գրամ է կշռում՝ ավելի քան երեք անգամ գերազանցելով իսկական սրտի կշիռը:
Ինչպես լրագրողներին պատմել է մեխանիմզը մշակողներից մեկը՝ պրոֆեսոր Ալեն Կարպենտյեն (Alain Carpentier), հիվանդը ոչ միայն տուն է վերադարձել, այլեւ կարողացել է ինքնուրույն գնալ Նանտից 70 կմ հեռու ապրող իր որդու մոտ: Հիվանդի տուն վերադառնալը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ վերջինս հասել է «ամբողջական ինքնավարության» վիճակին, այսինքն՝ սովորել է ինքնուրույն կառավարել լիցքավորման երկու մարտկոցից եւ կառավարման բլոկից կազմված երեք կիլոգրամանոց «շարժական սարքավորումը»: Մասնագետի խոսքով, հիվանդի մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա կարող է նույնիսկ հեծանիվ քշել:
Աշխարհում ամբողջությամբ ավտոնոմ արհեստական սրտի առաջին փոխպատվաստումը կատարվել է Եվրոպական Ժորժ Պոմպիդուի հոսպիտալում 2013 թ. դեկտեմբերին: Սակայն 76-ամյա տղամարդը, ում եզակի կենսապրոթեզ էին փոխպատվաստել, մեխանիզմի անսարքության պատճառով 2,5 ամիս անց մահացել է:






