Էբոլա տենդի տարածման բարձր մակարդակ գրանցած Աֆրիկայի երկրներից մեկն այցելած ուղեւորը հոսպիտալացվել է Նյու Ջերսի նահանգի Հակենսակ ամերիկյան քաղաքի հիվանդանոցում:
Հոսպիտալացված ուղեւորի անձը չի բացահայտվում: Ինչպես հաղորդում է CBS NewYork հեռուստաալիքը, հիվանդանոց է ուղարկվել Սիերա Լեոնեի բժշկական կենտրոնում աշխատող կինը:
Ինչպես հաղորդել է հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Նենսի Ռադվինը (Nancy Radwin), ուղեւորին տեղափոխել են Հակենսակի համալսարանի բժշկական կենտրոն Նյուարկի օդանավակայանից: Հիվանդն ԱՄՆ է ժամանել Բրյուսելից ամերիկյան United Airlines ավիաընկերության ռեյսով:
«Այն բանից հետո, ինչ օդանավը Բրյուսելից ժամանել է Նյուարկի օդանավակայան, բժշկական անձնակազմն ինքնաթիռ է բարձրացել հիվանդ ուղեւորին օգնություն ցույց տալու համար»,-նրա խոսքը փոխանցում է РИА Новости-ին:
Նրա խոսքով, ելնելով «հավելյալ զգուշության» նկատառումներից, հիվանդը գիշերը հիվանդանոցում կանցկացնի, բժիշկները կվերցնեն բոլոր անհրաժեշտ անալիզները:
Մինչդեռ, ինչպես հունվարի 19-ի ճեպազրույցում հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում գրանցվել է Էբոլա տենդի տարածման զգալի դանդաղեցում. անցած շաբաթ գրանցվել են ամենացածր ցուցիչները:
Ավելի վաղ Մալիի իշխանությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարել են, որ երկիրը հաղթահարել է տենդը:






