«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար Արտաշես Հարությունյանը հայ հանրությանը կոչ է անում ավելի ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ, եւ որ դա արտահայտվի ոչ միայն սեղանի շուրջ կենացների, այլեւ իրական քայլերի տեսքով: Նա նշում է, որ առողջության համար պետք է գտնել այն ժամանակը, որը միշտ չի հերիքում, եւ հետազոտության համար այն գումարը, որը նույնպես ոչ մի անգամ չի լինում, քանի որ հիվանդության ի հայտ գալու կամ սրվելու դեպքում բուժումը շատ ավելի ծախսատար է թե´ժամանակի, թե´ գումարի առումով: Գումարային կողմի լուծումը Ա. Հարությունյանը բժշկական ապահովագրության մեջ է տեսնում, իսկ ահա մնացածը, մասնագետի կարծիքով, կախված է մեր քաղաքացիների գիտակցությունից:
«Առողջության վերաբերյալ խնդիրները մեր առօրյա կյանքից դուրս են մնում, այնինչ այդ առօրյայում պետք է ընդգրկել այն ժամանակը, որը պետք է առողջության վրա ծախսել՝ անցնելով պրոֆիլակտիկ հետազոտություն»,- ասում է նա եւ հիշեցնում, որ շատ ծանր հիվանդություններ առանց ախտանշանների են սկսվում եւ ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ ֆունկցիոնալ խանգարումներ են տեղի ունենում: Միեւնույն ժամանակ արդի ախտորոշիչ սարքավորումները դրանք վաղ փուլերում ախտորոշելու հնարավորություն են ընձեռում, ինչն էլ իր հերթին բուժման դեպքում լավագույն արդյունք է երաշխավորում՝ ընդհուպ մինչեւ լիարժեք ապաքինում: Ա. Հարությունյանն, իհարկե, հասկանում է, որ մարդկանց պարզապես գեղեցիկ խոսքով բուժհաստատություններ չես բերի, քանի որ այդ ամենը գումար արժե:
Պետական սկրինինգային ծրագրերին նա եւս չի ապավինում, իսկ ահա ապահովագրությունը, նրա խոսքով, լուծման լավագույն տարբերակն է:
«Արտասահմանում բոլոր այդ ծրագրերը հստակ աշխատում են հենց կազմակերպված ապահովագրական բժշկության շնորհիվ, հիվանդը չի էլ զգում՝ որքան եւ ինչպես է վճարել, իսկ երբ վճարում ես ուղղակիորեն, այն ուժգնորեն հարվածում է գրպանիդ»,-ասում է նա:

««Նատալի Ֆարմ Մալաթիայի» ախտորոշման կենտրոնն այսօր հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մոտ ապագայում՝ վերանորոգվող մասնաշենքը շահագործման հանձնելուց հետո, դրա հնարավորություններն առավել լայն կլինեն»,-ասում է նա:



Այսօր գործում է սովորական ռենտգենյան հետազոտություն, էնդոսկոպիկ բաժին, համակարգչային տոմոգրաֆիա, արդեն հետագայում կենտրոնը կհագեցվի վերջին սերնդի սարքավորումներով. ՄՌՏ, նոր սերնդի ԿՏ, երկու ամենաժամանակակից մամոգրաֆ:
Այսինքն, ախտորոշման բաժանմունքի ղեկավարի խոսքով «Նատալի Ֆարմ Մալաթիան» ձգտում է նրան, որպեսզի բժշկական կենտրոն այցելած հիվանդը կարողանա ամբողջական ախտորոշում անցնել եւ համապատասխան բուժում ստանալ առանց հանրապետության ուրիշ լաբորատորիաներում կամ արտասահմանում հետազոտվելու անհրաժեշտության:
Արդեն այսօր, ինչպես ասում է Ա. Հարությունյանը, հիվանդությունների ախտորոշման եւ բուժման բնագավառում բժշկական կենտրոնը ղեկավարվում է եվրոպական ստանդարտներով եւ պրոտոկոլներով, սակայն այն մի շարք դժվարություններ է ստեղծում, քանի որ այստեղ բժիշկն ստիպված է լինում հիվանդին առաջարկել այս կամ այն հետազոտությունն անցնել գրպանի պարունակությունից ելնելով, իսկ արտասահմանում այդ հետազոտությունները պարզապես անում են:
«Հիվանդին միայն մեկ տեսանկյունից հետազոտելով՝ հնարավոր է նրա հիվանդության մասին ենթադրություն անել, իսկ բազմակողմանի հետազոտությունների դեպքում հնարավոր է ճիշտ ախտորոշում կատարել»,-ասում է Ա. Հարությունյանը եւ հույս հայտնում, որ «նորացված հին» մասնաշենք տեղափոխվելուց հետո այդ հարցը նույնպես կկարգավորվի. բժշկական կենտրոնը հիվանդին համալիր ախտորոշիչ հետազոտություն կառաջարկի, եւ միայն դրանից հետո ախտորոշում կկատարվի եւ բուժում կնշանակվի:
Այստեղ նորովի է լուծվում նաեւ «երկրորդ կարծիքի» հարցը. որպես գործընկեր՝ «Նատալի Ֆարմ Մալաթիա» բուժկենտրոնն ընտրել է ավստրիական առաջադեմ կլինիկաներից մեկը, եւ տեղական մասնագետները «երկրորդ կարծիք» ստանալու համար կարող են այդ կլինիկա դիմել ցանկացած հարցով՝ ախտորոշումից մինչեւ բուժման մեթոդներ:






