Չորս տարի առաջ բրիտանացին, վերադառնալով դեպի Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ Թայլանդ ուղեւորությունից, տարօրինակ գանգատներով դիմել է բժիշկներին: Նրանք տուբերկուլյոզի դեմ բուժում են սկսել, բայց տարօրինակ ախտանշանները չեն անցել, եւ 2013 թ. ցնցումների, գլխացավերի ու ոտքերում թուլության գանգատներով նա նորից դիմել է քեմբրիջյան Addenbrookes Hospital կլինիկա:

Պարզվել է, որ բոլոր այդ ախտանշանների պատճառը նրա ուղեղում գտնվող եւ դրանով սնվող Spirometra հսկայական երիզորդն է: Բժիշկներն ստիպված են եղել երիզորդին վիրահատական միջամտությամբ հեռացնել, քանի որ ոչ մի այլ «բուժում» նման դեպքում չի եղել:

1953-2013 թթ. այդպիսի որդերով վարակվելու միայն մոտ 300 դեպք է հայտնաբերվել: Քանի որ որդը հազվագյուտ է, նրա մասին գրեթե ոչինչ չգիտեն: Հայտնի է միայն, որ նրանք սովորաբար բնակվում են կատուների եւ շների աղիքներում: Այդ կենդանիների կղանքում հայտնված դրանց ձվերը կարող են ջուրն ընկնել, իսկ ջրից էլ փոխանցվել մարդուն:

Բացառված չէ, որ բրիտանացուն, ում անունը հասկանալի պատճառներով չի բացահայտվում, որդը հենց այդ ճանապարհով էլ փոխանցվել է. հավանաբար, որդը հայտնվել է նրա մարմնում այն ժամանակ, երբ վերջինս լճում լողալիս է եղել եւ պատահաբար ջուր է կուլ տվել: