Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի մեղավորների նկատմամբ պետք է ցուցաբերվի ամենախիստ մոտեցում։ Նման հանձնարարություն է տվել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախարարությունում կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, Արմեն Մուրադյանը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին հանձնարարեց հանրապետության բժշկական կենտրոններում ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված նորմերի եւ միջոցառումների իրականացման ընթացքը, վեր հանել առկա խնդիրները, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղղությամբ։
Միաժամանակ, Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ նախարարն Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարեց հարուցված վարույթի շրջանակում մեղավորների նկատմամբ ցուցաբերել ամենախիստ մոտեցում։ Նա հանձնարարեց քննարկել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, նախապատրաստել նյութեր հարցը նախարարին կից կոլեգիայում ներկայացնելու համար։
Արմեն Մուրադյանը նաեւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների առջեւ խնդիր դրեց քննարկել դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների բուժքույրերի գործառույթներն ու նրանց պատասխանատվության սահմանները եւ առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղությամբ։
«Բուժքույրերի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում պետք է հստակորեն ամրագրվեն նրանց գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները»,-ասաց նախարարը` հավելելով, որ անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը։






