Նախքան մաշկաբանին այցելելը ցանկալի է 1-2 օր չլողանալ: NEWS.am Medicine-ի թղթակցին մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը պատմել է, որ մաքուր մաշկի վրա ավելի դժվար է տեսնել հիվանդության նախանշանները, որոնք ավելի ակնառու են դառնում լողանալուց մեկ կամ երկու օր հետո:
Մաշկաբանի խոսքով, բժիշկները սովորաբար նախազգուշացնում են հիվանդներին, որ վերջիններս այցից գոնե մեկ օր առաջ չլողանան, սակայն շատ հիվանդներ այդ խորհրդին չգիտես ինչու չեն հետեւում:
Որոշ հիվանդներ բժշկին այցելելուց առաջ ցնցուղ են ընդունում, իսկ խորհրդատվության ժամանակ անկեղծ խոստովանում .«Գիտե՞ք, բժի´շկ, ես հիշում եմ, որ Դուք խնդրել եք չլողանալ, բայց ես, այնուամենայնիվ, լողացել եմ»: Իսկ հարցին, թե ինչու են նրանք այդպես վարվել, հետեւել է պատասխանը՝ «Դե, ախր ամոթ է անլվա բժշկի մոտ գնալ…»:
Այլ ծայրահեղություն էլ է լինում: Հովհաննես Հովհաննիսյանը հիշել է, որ իր մոտ ընդունելության է եկել արտաքինից բարետես, լավ հագնված մի տղամարդ: Նրա հեռանալուց հետո սենյակում օդը շատ հեղձուցիչ է եղել, եւ ցանկություն է առաջացել այն հիմնավորապես օդափոխել: Տպավորությունն այնպիսին էր, ասես այդ տղամարդն ամիսներ շարունակ չէր լողացել:
«Բժի´շկ, հիշո՞ւմ եք՝ ես Ձեզ երկու-երեք շաբաթ առաջ եմ զանգել: Դուք դեռ այն ժամանակ ասացիք, որ ես մեկ-երկու օր չլողանամ,-հարցրել է նա եւ, դրական պատասխան ստանալով, շարունակել,-ահա թե ինչ, ես չեմ լողացել, բայց այդ օրը չստացվեց գալ: Միայն այսօր եմ կարողացել Ձեզ մոտ գալ»:
Իսկ ոմանք դիտավորյալ նույնիսկ մի քանի շաբաթ չեն լողանում, որպեսզի «ավելի լավ երեւա»: Բժշկի խոսքով, նման դեպքերը նույնպես հազվադեպ չեն լինում:






