Շատ մարդիկ վախենում կամ էլ պարզապես չեն ցանկանում բժշկի մոտ մենակ գնալ եւ պարտադիր կերպով իրենց հետ տանում են ընկերներին կամ հարազատներին: Այդպիսի փորձը հատկապես Հայաստանում է տարածված, որտեղ «քաջալերիչ խմբին» իրենց հետ տանում են ցանկացած բժշկի, անգամ սեքսապաթոլոգի մոտ:

Մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանն իր պրակտիկայից մի հետաքրքիր եւ միանգամայն ցուցադրական դեպք NEWS.am Medicine-ի թղթակցին է պատմել:

Մի անգամ բժշկի աշխատասենյակ է մտել կլինիկայի տնօրենը եւ խնդրել արագ ընդունել միջանցքում սպասող հիվանդներին, քանի որ նրանց թիվն արդեն չափազանց շատ է եղել, եւ նրանք աղմկել են՝ խանգարելով կլինիկայի աշխատանքին: Պարզվել է՝ մաշկաբանի աշխատասենյակի դիմացի միջանցքում ճիշտ 30 մարդ էր սպասում:

Ճանապարհելով այդ պահին աշխատասենյակում գտնվող հիվանդին՝ բժիշկը դիմել է սպասողներին.

«Ո՞ւմ հերթն է հիմա: Թող մտնի նա, ով բոլորից շուտ է եկել»:

Ի զարմանս բժշկի, աշխատասենյակ են մտել բոլոր 30 հոգին: Բայց ոչ թե նրա համար, որ չեն որոշել՝ ով է առաջինը, այլ միայն այն պատճառով, որ նրանք բոլորը միասին եկել են «երեխային» աջակցելու համար:

«Երեխան» էլ 20 տարեկան մի աղջիկ էր, ում մաշկային թեթեւ խնդիր էր անհանգստացնում, բայց վերջինս հիվանդանոց էր եկել մի կուռ «քաջալերիչ խմբով», որի մեջ էր նրա հարազատների մեծամասնությունը: Բժիշկը բավականին երկար է համոզել հարազատներին դուրս գալ եւ դրսում սպասել՝ աշխատասենյակում թողնելով միայն հիվանդին  եւ նրա մորը կամ էլ մորաքրոջը:

Ցավոք սրտի, Հայաստանում նման դեպքերը հազվադեպ չեն: Բժիշկների մեծամասնությունը դեմ չէ «քաջալերիչ խմբին», եթե այն հիվանդին օգնում է ավելի ինքնավստահ զգալ, բայց ամեն դեպքում ցանկալի է, որ հիվանդի հետ մի մարդ գա՝ հարազատը կամ ընկերը, ոչ թե 30 հոգի: