Քաջարանում տեղի ունեցած դեպքից հետո հիվանդանոցների հետ կնքվող պայմանագրերը խստացվելու են: Այս մասին լրագրողներին առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն է հայտնել:
«Հիվանդանոցների հետ կնքվելիք պետական պատվերի պայմանագրերում խստացումներ են նախատեսվում, որովհետեւ նրանք պարտավոր են անվտանգ, ապահով, որակյալ բուժօգնություն տրամադրել բնակչությանը», - ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գործող նորմատիվ փաստաթղթերը կազմված են միջազգայինների օրինակով, եւ դրանցով պարտավոր են առաջնորդվել բոլոր բուժհաստատությունները՝ անկախ սեփականության ձեւից: Պայմանագրերում հստակեցվելու է, թե ինչ է լինելու նորմատիվ ակտերը չպահպանելու դեպքում: Մասնավորապես, խախտումներ իրականացնող բժշկական կենտրոնները, անկախ սեփականության ձեւից, զրկվելու են պետական պատվերից եւ լիցենզիաներից:
Հիշեցնենք, որ Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված առնվազն ութ անձանց մոտ հեպատիտ Ց է հայտնաբերվել: Կլինիկայում կատարված հետազոտությունների արդյունքում շեղումներ են հայտնաբերվել, որոնց փաստի առթիվ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը վարույթ է հարուցել, իսկ քննչական կոմիտեն՝ քրեական գործ:
Այժմ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություններ են սկսել հանրապետության բոլոր բուժհիմնարկներում: Ուսումնասիրությունների արդյունքում նախատեսված է նոր ընթացակարգեր մշակել «Հանրային առողջության մասին» օրենքի նախագծում:






