Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման վիրահատությունից հետո հիվանդն ինքն է իր վերքից հեռացրել վիրաբուժական կարերը՝ YouTube-ով դիտելով, թե դա ինչպես է արվում: Նրա խոսքով, ինք ստիպված է եղել դա անել, քանի որ բժիշկը չի կարողացել մոտակա շաբաթվա ընթացքում ընդունել իրեն:

Կինը լրագրողներին պատմել է, որ կարերը պետք է հեռացնեին կիրակի օրը, սակայն երբ նա Caversham Practice կլինիկա է զանգահարել, որտեղ պետք է անեին գործընթացը, ասել են, որ իրեն միայն մեկ շաբաթ հետո կարող են ընդունել:

Կնոջը նաեւ խորհուրդ են տվել շտապօգնության բաժին դիմել, սակայն այնտեղ այնքան հերթեր են եղել, որ ծանր վիրահատություն տարած կինը պարզապես չի կարողացել կանգնել եւ իր հերթին սպասել: Իսկ քանի որ կարերը նրան շատ էին խանգարում, վերջինս համացանց է մտել եւ սկսել պրոցեդուրան կատարելու ձեւը ցույց տվող վիդեո փնտրել:

«Ես իմ iPad-ով երկու անգամ դիտեցի վիդեոն, իսկ հետո հանեցի իմ կարերը: Ես համոզվեցի, որ ամեն ինչ ստերիլ է, ձեռքերս լվացի վիրաբուժական սկրաբով: Գործընթացը սարսափելի ցավոտ էր, եւ վերքը մինչեւ հիմա ցավում է, բայց ես ազատվեցի այդ կարերից, եւ կարծես ամեն ինչ նորմալ է ընթացել»,-պատմել է կինը, ում անունը չի բացահայտվում: