Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու կապակցությամբ Հայաստանի դեղագործական շուկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: 2015 թ. ընթացքում Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսն զբաղված կլինեն բանակցություններով եւ դեղագործական շուկաների «հարմոնիզացիայով», իսկ շուկաների ապագան կախված կլինի այդ բանակցություններից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Բանն այն է, որ չորս երկրների շուկաները շատ տարբեր մակարդակներում են գտնվում եւ տարբեր կերպ են կազմակերպված: Ի տարբերություն մյուս շուկաների, հայկական շուկան ավելի լավ է կազմակերպված, եւ դրանում GMP ստանդարտներն են գործում: Միեւնույն ժամանակ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում դեռ միջազգային ճանաչում չունեցող «ГОСТ»-երով են աշխատում:

«Մենք ցանկանում ենք եւ մտադիր ենք պահպանել GMP ստանդարտները, քանի որ Հայաստանի համար արտահանումը շատ կարեւոր է, եւ այս ոլորտում մենք տարեկան կայուն արտահանում ենք արտադրանքի 50%-ը: GMP ստանդարտները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ավելի շատ թվով երկրներ արտահանել»,-պարզաբանեց Սամվել Զաքարյանը:

Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կլուծվի այս հարցը,: Կամ ԵՏՄ երկրները պետք է ընդունեն GMP ստանդարտները եւ նոր մակարդակի վրա դուրս գան, կամ էլ Հայաստանն ստիպված կլինի մեկ մակարդակ իջնել եւ վերադառնալ «ГОСТ»-երին, որը մեր երկրի համար խիստ անցանկալի է:

Դեղորայքի գրանցման հետ կապված նույնպես խնդիր կա. որոշ դեղամիջոցներ մի երկրում որպես դեղորայք են գրանցված, իսկ մյուսում՝ որպես սննդային հավելումներ: Անհրաժեշտ կլինի որոշել՝ ինչպես լուծել այդ խնդիրը եւ արդյոք պետք է բոլոր երկրներում նույնությամբ գրանցել դեղամիջոցները:

Սամվել Զաքարյանի խոսքով՝ չորս երկրների դեղագործական շուկաներում բոլոր փոփոխությունները կախված կլինեն ընթացիկ բանակցություններից եւ դրանց արդյունքներից: