Այսօր դեղորայքի գները մոտավորապես 3-5 տոկոսով բարձր են, քան մինչեւ 2014 թ. կեսերի թանկացումները: Դեռեւս դժվար է ասել՝ հատկապես ինչով է պայմանավորված գների այդպիսի աճը՝ արտարժույթի փոխարժեքո՞վ, թե՞ պարտադիր դրոշմապիտակավորմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2014 թ. վերջին դեղերի գներն աճել են 10-15 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված էր արտարժույթի փոխարժեքի տատանումներով, բայց բացառված չէ, որ դերակատարում ուներ նաեւ պարտադիր դրոշմապիտակավորման վերաբերյալ որոշումը, որը դեղարտադրողների համար ստեղծեց բազմաթիվ խնդիրներ եւ ավելացրեց ծախսերը: Այսօր Հայաստանում դեղերի գները մի փոքր նվազել են, բայց դեռ շարունակում են մոտավորապես 3-5 տոկոսով բարձր մնալ, քան մինչեւ թանկացումներն էին:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պնդում էր, որ պարտադիր դրոշմապիտակավորումը դեղերի գները կբարձրացնի 2-5 դրամով, միեւնույն ժամանակ մասնավոր հատվածի ներկայացուցիչները ասում էին, որ միանգամայն անհասկանալի է, թե որ բանաձեւով են հաշվարկվել այդ 2-5 դրամը, եւ որ թանկացումներն, ըստ էության,  շատ ավելի շոշափելի կլինեն՝ 4.5-5 տոկոսից ոչ պակաս:

Ըստ Սամվել Զաքարյանի , պարտադիր դրոշմապիտակավորման նոր օրենքն արդեն 3 ամիս է, ինչ ուժի մեջ է, եւ մասնավոր հատվածը ցանկանում է իմանալ, թե ինչ արդյունքների է այն հանգեցրել այդ ժամանակահատվածում, եւ արդյոք այս պահանջը կարողացել է կրճատել դեղամիջոցների ստվերային շրջանառությունը: Չէ՞ որ այն հենց այդ նպատակով է ընդունվել՝ չնայած մասնավոր հատվածի այն պնդումներին, որ Հայաստանի դեղագործական ոլորտում ստվեր գրեթե չկա: