Հայաստանում եւ կանայք, եւ տղամարդիկ դիմում են գաստրոենտերոլոգի, սակայն տղամարդկանց մոտ այդպիսի խնդիրներ ավելի հաճախակի են լինում, քանի որ նրանք սիրում են ուտել որտեղ պատահի, եւ ինչ պատահի։ Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց  համալսարանական №1 կլինիկական հիվանդանոցի գաստրոենտերոլոգ Սրբուհի Թարխանյանը։

Խոսելով հիվանդության  ժառանգականության մասին, բժիշկը նշեց, որ ցանկացած հիվանդություն կարող է ժառանգաբար փոխանցվել, այդ թվում եւ աղեստամոքսային հիվանդությունները։ Խոցը եւս ժառանգական կարող է լինել։ Բայց ավելի շատ այդ ամենը կախված է ընտանիքից, կենցաղից, այն բանից, թե ինչ եւ ինչպես է պատրաստում տան կինը։ Երեխան մինչեւ որոշակի տարիքը կարող է բացարձակապես առողջ լինել, սակայն ոչ ճիշտ սննդակարգի, յուղոտ ուտելիքի, ֆաստֆուդի, կծու, թթու սննդամթերքի պատճառով կարող  է աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ձեռք բերել։  «Մի ընտանիքում նախաճաշում են, մեկ այլ ընտանիքում դա ընդունված չէ, համեմունքների սիրահար ընտանիքներ կան եւ այլն», - նշեց բժիշկը, հավելելով, որ հենց մթերքներն ու սնվելու ռեժիմն են ազդում աղեստամոքսային համակարգի վրա։ Շատերը օրվա ընթացքում միայն ընթրում են, ինչը կոպիտ սխալ է եւ կարող է մարսողական համակարգի հիվանդությունների հանգեցնել։ 

«Այն ինչ կատարվում է տոնական սեղանների շուրջ, ինձ վաղեցնում է։ Շատերը ուղղակի չեն հասկանում, թե ինչ վնաս են հասցնում առողջությանը եւ ստամոքսին», - ասաց Թարխանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք անընդհատ ֆերմենտային պրեպարատներ կամ թթվությունն ընկճող դեղորայք ընդունել առանց գաստրոենտերոլոգի դիմելու, Թարխանյանը նշեց, որ կտրանակապես անթույլատրելի է ինչ-որ դեղերի անընդհատ ընդունումը։  «Քանի որ այդ թթուն, որ արտադրվում է, ինքնանպատակ չէ, դա նպաստում է մարսողությանը, երկարատև բացարձակ ընկճել թթվարտադրությունը ճիշտ չէ: Ֆերմենտներն արտադրվում են ենթաստամոքսային գեղձում, նույնպես մարսողությունն իրականացնելու համար, եթե գեղձն ունի թերֆունկցիա, իհարկե, կարելի է կիրառել, բայց ոչ մշտապես, քանի որ  գեղձը կդադարի իր գործել։ Ենթաստամոքսային գեղձը կդառնա «ծույլ»։ Հենց այդ պատճառով պետք է այցելել գաստրոենտերոլոգի, որը տասը տարի մասնագիտացել է, այլ ոչ թե դատարկ տեղը փողը վատնել դեղերի վրա, առանց իմանալու դիսկոմֆորտի պատճառները», - ասաց նա։

Ինչ վերաբերում է ախտորոշման մեթոդներին, ապա, ըստ բժշկի, սոնոգրաֆիայի միջոցով հնարավոր է ախտորոշել լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսյին գեղձի հիվանդությունները, սակայն խոռոչավոր օրգանների համար ՝  ստամոքս, բարակ ու հաստ աղիներ,  սոնոգրաֆիան ինֆորմատիվ չէ, պետք է կատարել էնդոսկոպիկ հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա:

«Գաստրոսկոպիան ողջ աշխարհում անփոխարինելի մեթոդ է», - նշեց բժիշկն, ավելացնելով, որ վերջին ձեռքբերումը այս ոլորտում վիդեոկապսուլաներն են։ Բայց դա շատ թանկ հետազոտական մեթոդ է ողջ աշխարհում, եւ ոչ այդքան տարածված։ Հայաստանում այն առայժմ չի կիրառվում։ «Մեր երկրում ամենակիրառելի մեթոդը գաստրոսկոպիան է, եւ եթե անհրաժեշտություն կա, ապա պետք չէ դրանից խուսափել», - ասաց գաստրոեներոլոգը։ 

Վերջին ժամանակներում հայերը սկսել են բժշկի դիմել նույնիսկ ստամոքսի չնչին ցավերի եւ անհանգստության դեպքում։ «Բայց մինչեւ վերջերս բժշկի դիմում էին միյան այն ժամանակ, երբ շատ վատ էին զգում», - նշեց Ս. Թարխանյանը, շեշտելով, որ շատ բան փոխվեց սոցիալական փաթեթը մտցնելուց հետո, որը ներառում է բժշկական ապահովագրություն։  Ըստ նրա, մարդիկ սկսել են ավելի շատ վստահել բժիշկներին, եւ հասկանալ, որ անգամ թեթեւ ախտանշանները կարող են լուրջ հիվանդության կամ բարդությունների ազդանշան լնել։ «Ցավոք սրտի ոչ բոլորը մեր երկրում ունեն ֆինասական հնարավորություն դիմելու բժշկի, կատարել որոշակի հետազոտություններ, երբեմն թանկարժեք, իսկ հետո վճարել դեղերի համար», – նշեց նա:

Ինչ վերաբերում է կլինիկական ախտանշաններին, ապա լուրջ հիվանդությունը, օրինակ խոցը, կամ սովորական դիսկոմֆորտը հնարավոր չէ իրարից տարբերել, այդ պատճառով էլ բոլոր դեպքերում ճիշտը բժշկի դիմելն է։ Որոշ դեպքերում դիսպեպսիայի պատճառ է հանդիսանոմ դեպրեսիան, բայց ստամոքսը լիովին առղջ է լինում։ 

«Ամեն մարդ պետք է սովորություն դարձնի ռեժիմով սնվելը՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Պետք է սովորել դանդաղ ծամել, քանի որ հագենալու զգացողությունը առաջանում է միայն սննդի ընդունման ավարտից 20 րոպե անց։ Երբ մարդն արագ է ուտում, նա չի հասկանում հագեցել է, թե ոչ։, եւ այդ պատճառով շատ է ուտում, ինչն էլ հանգեցնում է աղեստամոքսային համակարգի խնդիրների եւ ճարպակալման», - ասաց բժիշկը։

Ս. Թարխանյանը հիշեցրեց, որ քրիստոնեությունում կա պահք, որի ժամանակ պետք է մոռանալ մսամթերքների եւ կաթնեղենի մասին, ու սնվել միայն հատիկեղենով՝ լոբազգիներ (լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ) և ընդեղենով (ընկուզեղեն), կանաչեղենով, մրգերով եւ բանջարեղեններով։ Պահքը ոչ միայն օրգանիզմը մաքրելու, այլեւ զսպվածություն եւ կամք դաստիարակելու համար է։

«Առողջ լինելու համար, պետք է առողջ սնվել, հարգանքով վերաբերվել օրագանիզմին, ուտել սոված չլինելու, այլ ոչ թե կշտանալու համար: Չուտել ձեռքի հետ, ոտքի վրա և ինչ պատահի», - ասաց Սրբուհի Թարխանյանը։

 Անի Լիպարիտյան