Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեղագործական շուկաներն այդ երկրների միջեւ վերջին իրադարձություններից հետո դժվարին կացության մեջ են հայտնվել: Այդ իրավիճակը դեղամիջոցների հայ արտադրողների համար երկու շուկաներում սեփական արտադրանքը ներկայացնելու հրաշալի հնարավորություն է: Այսպիսի կարծիք հայտնեց Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, ուկրաինական շուկայում, ի տարբերություն ռուսականի, արդեն շատ սուր է զգացվում դեղամիջոցների պակասը, սակայն այնտեղ դեղամիջոցները գրանցելը եւ ներմուծելը բավականին բարդ է, հատկապես, եթե արտադրողը GMP ստանդարտներ չունի: Բարեբախտաբար, առնվազն մեկ հայկական արտադրող՝ «Արփիմեդը», արդեն եւ´ եվրոպական GMP, եւ´ ուկրաինական հավաստագրեր ունի. ընկերությունը Ուկրաինայում արդեն 40 տեսակի դեղամիջոց է գրանցել եւ պատրաստ է դրանք արտահանելուն:
Հայաստանի դեղագործները կարող են օգտվել Ռուսաստանում եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի՞ց, սակայն Սամվել Զաքարյանի կարծիքով դեղագործության ոլորտում դա այդպես չէ. հայ արտադրողները, նրա խոսքով, նախկինում էլ այդ երկրներ արտահանման խնդիրներ չեն ունեցել: Իհարկե, վատ չէր լինի մեծացնել արտահանման ծավալները, սակայն որոշակի դժվարություններ կարող են ծագել, եթե դրսի արտադրողներն իրենց արտադրանքով հայտնվեն Հայաստանի փոքրիկ շուկայում եւ լուրջ մրցակից կդառնան տեղական արտադրողների համար:
Ավելին, ԵՏՄ անդամակցությունը կապված է նաեւ բազմաթիվ այլ խնդիրների հետ, որոնց մասին մենք արդեն գրել ենք (http://med.news.am/arm/news/4884/dexagortsakan-shukan-ev-etm-andamakcutyuny-inch-popokhutyunner-en-aknkalvum.html): Բացի դրանից, մաքսային քաղաքականության փոփոխությունների պատճառով կարող է թանկանալ Հայաստան ներմուծվող դեղորայքի հումքը, չնայած դրանից խուսափելու հույս կա:






