Ռուսաստանում ստեղծված իրավիճակը խիստ չի անդրադառնա Հայաստանի դեղագործական շուկայի վրա: Այսպիսի կարծիք հայտնեց Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին:

Հիշեցնենք, որ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռուսաստանում դեղագործական ճգնաժամ է հասունանում՝ շատ ընկերություններ հրաժարվում են դեղամիջոցներ արտադրել կառավարության հետ 2014 թ. ցածր գներով կնքված պայմանագրերով:

Սամվել Զաքարյանի խոսքով, Ռուսաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա չի կարող զգալիորեն ազդել, քանի որ, չնայած Հայաստանը ներմուծում է շուկայում հասանելի դեղորայքի 90%-ը, այդ դեղամիջոցների հիմնական մասը ներկրվում է ոչ թե Ռուսաստանից, այլ ուրիշ երկրներից:

Ավելին, հայ արտադրողներին անհրաժեշտ հումքը եւս այլ, հիմնականում եվրոպական  երկրներից է ներմուծվում, ուստի հումքի, համենայն դեպս, դրա առկայության հետ կապված խնդիրներ չպետք է լինեն:

Իհարկե, բացառված չէ, որ հումքը կարող է թանկանալ ԵՏՄ անդամակցության պատճառով:

Ի դեպ, հայ արտադրողներն ապահովում են շուկայում դեղամիջոցների միայն 10%-ը, ընդ որում, սեփական արտադրանքի 50%-ը նրանք այլ երկրներ են արտահանում: Ինչո՞ւ է այդպես ստացվել: Պարզվում է՝ սա դեղամիջոցների տեսականիով է պայմանավորված. տեղական արտադրողներն արտադրում են տեսականու 10%-ը, բայց այնպիսի դեղամիջոցներ կան, որոնք այստեղ արտադրել դեռ հնարավոր չէ, եւ դրանք անհրաժեշտ է լինում այլ երկրներից ներմուծել: