Մահացել է հրեական ծագմամբ ամերիկացի քիմիկոս Կարլ Ջերասին, ով հայտնի է որպես օրալ հակաբեղմնավորիչների հեղինակ: Քիմիկոսը մահացել է հունվարի 31-ին Սան Ֆրանցիսկոյում կյանքի 92-րդ տարում: Տաղանդավոր գիտնականի մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նրա ընտանիքին:

Կարլ Ջերասին ծնվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ բժիշկների ընտանիքում: Նրա հայրը մաշկավեներոլոգ է եղել, իսկ մայրը՝ ատամնաբույժ:

1942-1943 թթ. Ջերասին աշխատել է Նյու Ջերսիի «Ciba» ընկերությունում, որը մշակում էր  հիստամինային  առաջին արդյունաբերական դեղամիջոցներից մեկը դարձած պիրիբենզամինը, որի միջոցով էլ նա ստացել է իր առաջին արտոնագիրը: Իսկ 1951 թ. նա գիտնականների խումբ է հավաքել, որոնց հետ սինթեզել է պրոգեստին հորմոնների առաջին բարձր ակտիվության նմանակը, որը կանանց պաշտպանում է հղիության ժամանակ ձվազատումից: Այդ նյութը դարձել է առաջին հաջողված համակցված օրալ հակաբեղմնավորիչը: Այդ բացահայտումից հետո Ջերասին հայտնի է դարձել, իսկ ԶԼՄ-ները նրան «հակաբեղմնավորիչ հաբերի հայր» են անվանել: Գիտնականն ինքը նշել է, որ հաբերն «ահռելի ազդեցություն են ունեցել կանանց վրա», բայց «թե´ դրական, եւ թե´ բացասական, եւ ինձ սեռական հեղափոխության մեջ են մեղադրել»:

1970 թ. Ջերասին տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ հաբերի ստեղծման հավանականության վերաբերյալ հոդված է հրապարակել: Գիտնականը դասավանդել է Սթենֆորդում մինչեւ 2002 թ. թոշակի անցնելը: Վերջին տարիներին նա հոգնում էր «հաբերի» իր բացահայտման մասին խոսակցություններից, եւ լրագրողների հետ պատրաստակամորեն կիսվում էր պիես գրելու իր մղումներով: