22-ամյա Ռայան Հարիսը (Մեծ Բրիտանիա, Հարլոու) պարապել է մարզասրահում եւ երազել գեղեցիկ, մկանուտ մարմնի մասին: Քանի որ մկանների «բնական» աճը նրան այդքան էլ չի գոհացրել, գործընթացն արագացնելու եւ լավագույն արդյունքների հասնելու համար նա սկսել է ստերոիդներ ընդունել: 6 ամիս անց նա սրտի շատ ուժեղ նոպա է ունեցել, որը քիչ է մնացել սպանի նրան:

Բժիշկները հայտնաբերել են, որ երիտասարդի սիրտը զգալիորեն մեծացել է, իսկ ճնշումն անցել նորմայի բոլոր սահմանները: Նրանք հրաշքով են փրկել երիտասարդի կյանքը եւ բացատրել նրան, որ եթե վերջինս շարունակի նույն ոգեւորությամբ, հաջորդ անգամ նրա սիրտն արդեն հաստատ չի դիմանա:

Երիտասարդը երդվել է այլեւս ստերոիդներ չընդունել:

The Daily Mail-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սկսել ստերոիդներ ընդունել, եւ թե ինչ է դրանից ստացվել: Ըստ տղայի, նա մարզասրահում շատ է աշխատել, սակայն արդյունքներ գրեթե չեն եղել: Միեւնույն ժամանակ ավելի քիչ մարզվող նրա ընկերները ստերոիդների շնորհիվ արագորեն հասել են ցանկալի կազմվածքին: Եվ շուտով նա էլ սկսել է ստերոիդներ օգտագործել՝ ոգեւորվելով ստացված արդյունքներից, որոնց համար հատուկ ջանալ պետք չի եղել: Երիտասարդն սկսել է ստերոիդների նոր եւ նոր տեսակներ ընդունել՝ թույլ չտալով, որ մարմինը հանգստանա դրանցից:

«Ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում ձեռքերս եւ ուսերս ավելի փքուն դարձան, կրծքի եւ մեջքի մկաններն ավելի ընդգծվեցին, եւ սովորական տղայից շուտով ես թիկնեղ տղամարդ դարձա»,-հիշել է Ռայանը:

Նոր մարմինը նրան շատ ավելի  թանկ է արժեցել, քան նա կարող էր պատկերացնել: Սկզբում նրա կրծքավանդակում ցավեր են սկսվել, բայց նա դրանց ուշադրություն չի դարձրել եւ շարունակել է ստերոիդներ ընդունել ու մարզասրահ հաճախել: Մի անգամ բարում նրա կրծքավանդակը ասես սեղմվել է, նա չի կարողացել շնչել եւ կորցրել է գիտակցությունը:

Արթնացել է արդեն հիվանդանոցում՝ տեսնելով կողքը նստած եւ լացող ընկերուհուն: Պարզվել է՝ երիտասարդը կաթված է ստացել:

«Բժիշկներն ասել են, որ իմ պուլսի եւ ճնշման դեպքում զարմանալի է, որ ես ընհանրապես ողջ եմ մնացել,-պատմել է 22-ամյա երիտասարդը:- Դա սարսափելի էր: Նախկինում ես երբեք այդպիսի բան չէի զգացել, եւ հույս ունեմ՝ այլեւս չեմ զգա»:

Ասում են, որ ստերոիդները կախվածություն են առաջացնում, բայց Ռայանն այդ ժամանակից ի վեր հավատարիմ է մնացել իր որոշմանը եւ ոչ մի անգամ այդ միջոցներից չի ընդունել: