Լիբերիայում Էբոլայի վիրուսի դեմ բնակչության պատվաստումը պաշտոնապես սկսվել է փետրվարի 2-ին: Պատվաստանյութերը երկիր են առաքվել խիստ գաղտնիության պայմաններում: Առաջին հերթին այն նախատեսված է հիվանդներին խնամող բժիշկների համար: Նախօրեին պատվաստում են ստացել առաջին 12 կամավորները, որոնց զննումից հետո նախատեսվում է պատվաստանյութի զանգվածային կիրառում սկսել:
Ակնկալվում է, որ GSK եւ Merck ընկերության արտադրած պատվաստանյութի փորձարկումներին 30 հազար կամավոր մասնակցություն կունենա:
Երկրի մայրաքաղաք Մոնրովիայում Էբոլայի դեմ պատվաստումների տարածման վերաբերյալ քարոզարշավի շրջանակում համերգ է կայացել:
Շատ լիբերիացիներ այսօր վախենում են պատվաստումներ կատարել՝ լինելով դավադրության տեսության կողմնակիցներ:
Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Նյումախ Բոակայի խոսքով նոր պատվաստանյութի փորձարկումները չափազանց կարեւոր են ոչ միայն համաճարակով բռնկված Աֆրիկայի, այլեւ ամբողջ աշխարհի համար:
Փետրվարի 2-ին ԱՀԿ-ն Էբոլայի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել. Արեւմտյան Աֆրիկայում զոհերի թիվը հասել է 8921 մարդու, 22 334 մարդ էլ վարակվել է:






