Մեր օրերում շատերին անհանգստացնում է հարցը, թե արդյոք պարտադիր դրոշմապիտակավորման մասին կառավարության նոր որոշման լույսի ներքո դեղատներում հատիկով դեղեր կվաճառեն, եւ ինչպես է լուծվելու այդ հարցը դեղերի մասին նոր օրենքի ընդունումից հետո:
Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանի կարծիքով հատիկով դեղերի վաճառքը, այնուամենայնիվ, կլինի՝ հաշվի առնելով Հայաստանում բնակվող մարդկանց մեծամասնության սոցիալական կարգավիճակը:
Ըստ նրա, հատիկով դեղեր չէր կարելի վաճառել նաեւ նախկինում, սակայն շատերը դրա վրա աչք են փակել՝ հասկանալով, որ մարդկանց մեծամասնությունը չի կարող մի ամբողջ տուփ դեղ գնել (հատկապես, եթե այն թանկ է), եթե միայն մի քանի հաբ է նշանակված:
Ամենայն հավանականությամբ, նույնը կշարունակվի նաեւ այսուհետ. չէ՞ որ մարդկանց սոցիալական կարգավիճակը նոր օրենքի ընդունելուց կամ պարտադիր դրոշմապիտակավորման որոշումից դժվար թե բարելավվի:
Ի դեպ, Սամվել Զաքարյանի խոսքով, արդեն երեք ամիս է, ինչ պարտադիր դրոշմապիտակավորման մասին որոշումն ուժի մեջ է, եւ հիմա դեղատներում վաճառվող դեղամիջոցների մեծամասնության վրա արդեն սոսնձված են պարտադիր դրոշմապիտակները: Առանց դրոշմապիտակի վաճառվում են միայն այն դեղամիջոցները, որոնք մինչեւ նոյեմբերի 1-ն են արտադրվել:
Ընկերություններին առանց պարտադիր դրոշմապիտակների պահուստային դեղորայքը վաճառելու համար մինչեւ ապրիլի 15-ը ժամանակ են տվել:






