Փետրվարի 4-ը Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է Միջազգային հակաքաղցկեղային միության նախաձեռնությամբ՝ 2005 թվականից։

Այս տարի Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է ընտրվել՝ «Քաղցկեղը հեռու չէ մեզնից»-ը։

Օրվա հիմնական նպատակն է սեւեռել հասարակության ուշադրությունը քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա եւ եւս մեկ անգամ հիշեցնել դրանց վտանգավորության եւ հնարավորինս վաղ ախտորոշման եւ կանխարգելման անհրաժեշտության մասին։ 

Այսօր ուռուցքաբանական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ամենալուրջ հիվանդություններից են, որոնք չնայած գործադրվող ջանքերին՝ շարունակում են աճել։  Այսպես՝ Հայաստանում 2013թ-ին (2014թ-ի վիճակագրությունը դեռեւս չի հրապարակվել) գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների  7970 նոր դեպք, որից 7911-ը՝ մեծահասակների շրջանում (3969-ը՝ կանանց, 3942-ը՝ տղամարդկանց շրջանում)։ Անցած տարվա համեմատ այս ցուցանիշը, ճիշտ է, չնչին աճ է արձանագրել, սակայն վերջին 5 տարվա կտրվածքով աճը դինամիկ է՝ 2008թ-ին գրանցվել է  հիվանդության ընդամենը 7404 նոր դեպք, ինչը 566-ով պակաս է 2013թ-ի ցուցանիշից։

 Հայաստանում տղամարդկանց շրջանում առավել տարածվածն է շարունակում մնալ շնչուղիների եւ թոքերի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում՝ կրծքի քաղցկեղը (1086 նոր դեպք)։

Անհրաժեշտ է  նշել նաեւ, որ շատ քաղցկեղային հիվանդություններ «երիտասարդանում են»։ Եթե նախկինում ուռուցքաբանական հիվանդություններ ունեին հիմնականում մեծահասակները, ապա այսօր դրանք հանդիպում են նաեւ փոքր երեխաների շրջանում. 2013թ-ին մեր երկրում մինչեւ 17 տարեկան երեխաների շրջանում չարորակ ուռուցքի 59 դեպք է գրանցվել։

NEWS.am Medicine-ն օգտվելով առիթից ցանկանում է հիշեցնել, որ թեեւ ոչ ոք ապահովագրված չէ որեւէ հիվանդությունից, այդուհանդերձ՝ առողջ կենսակերպը, ծխելուց, ալկոհոլից հրաժարվելն ու առողջ սնունդը որոշ չափով կարող են կանխարգելել ինչպես ուռուցքաբանական, այնպես էլ մի շարք այլ հիվանդություններ, իսկ ամենամյա բուժզննումը թույլ կտա ժամանակին բացահայտել հիվանդությունը եւ կմեծացնի ապաքինման եւ բուժման հավանականությունը։